Անգլիայի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Չելսիին» և 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Խաղի 23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է հարձակվող Դիոգու Ջոտան։ 39-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց պաշտպան Քոնոր Բրեդլին։ Նշենք՝ առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին «Լիվերպուլի» կազմում Դարվին Նունյեսը վրիպել է 11-մետրանոցից:
65-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դոմինիկ Շոբոսլայը խփել է իր թիմի երրորդ գնդակը։
«Չելսիի» ֆուտբոլիստները մրցակցի դարպասը կարողացել են գրավել միայն 71-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել Քրիստոֆեր Նկունկուն:
Այդուհանդերձ, մերսիսայդցիները ևս մեկ գոլ հեղինակել են արդեն 79-րդ րոպեին. Լուիս Դիասն է գրավել հյուրերի դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 51 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իր հերթին Անգլիայի առաջնությունում նույնքան հանդիպումներից հետո «Չելսին» վաստակել է 31 միավոր և հայտնվել 10-րդ տեղում։