«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։
«Ռեալ Մադրիդի» հետաքրքրությո՞ւնը. Էրլինգի որոշելիքն է, նա է իր ճակատագրի տերը: Նա միշտ կանի այն, ինչ բխում է իր և «Մանչեսթեր Սիթիի» շահերից։ Երբ նրանք բոլորը պատրաստ լինեն տեղափոխության, դա կարող է տեղի ունենալ:
Մի բան հաստատ գիտեմ, որ Էրլինգը միշտ հարգանքով է վերաբերվելու «Մանչեսթեր Սիթիին»: Եթե նա ցանկանա փոխել ակումբը, մենք այդ մասին նախապես կտեղեկացնենք թիմի ներկայացուցիչներին։ Իհարկե, հարգանք պետք է լինի թե՛ ակումբի, թե՛ խաղացողների կողմից։ Չեմ կասկածում, որ «Սիթին» կհարգի Էրլինգին»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո: