«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Վալենսիայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը չեղարկելու որոշմանը:
«Ռասիզմի դրսևորումներն ու վիրավորանքները պետք է պատժվեն, բայց հեռացումը դրա հետ ոչ մի առնչություն չունի: Վինիսիուսի կողմից եղել է գործողությունը, որը տեղի է ունեցել խաղադաշտում»,- Չավիի խոսքերն է փոխանցում COPE-ը:
Ավելի վաղ՝ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում, Վինիսիուսը երկրպագուների կողմից ռասիստական բնույթի վիրավորանքներ է ստացել: Բրազիլացին նաև մասնակցել է մրցակցի ֆուտբոլիստների հետ քաշքշուկին և կարմիր քարտով հեռացվել խաղադաշտից: Սա բրազիլացու համար դարձել էր առաջին կարմիր քարտը կարիերայում:
Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: