«Շիրակի» «Սև հովազներ» ֆան ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, «Շիրակ »ՖԱ-ի բազմահազար երկրպագուներ և ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներ։
Ինչպես արդեն գիտեք, «Շիրակ» ՖԱ-ի «Սև հովազներ» ֆան ակումբը գավաթի եզրափակիչ խաղից հետո բաց նամակով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (այսուհետ ՀՖՖ) ղեկավարությանը բացատրության պահանջ-խնդրանքով՝ խաղից առաջ շիրակցի երկրպագուներիս նկատմամբ, մեր դիտարկմամբ, խտրական վերաբերմունքի փաստով։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն իր ներկայացուցչի միջնորդությամբ կապ է հաստատել մեզ հետ և առաջարկել հանդիպում, քննարկելու տեղի ունեցածը՝ ինչին տվել ենք մեր համաձայնությունը։
Վերահաստատելով մեր դիրքորոշումը, որ միանշանակորեն կողմ ենք առաջարկին (քանի որ մեր նպատակը ևս ի սկզբանե դեմառդեմ հանդիպումն էր, որպեսզի ավելի մանրամասն և հանգամանալից ներկայացնենք տեղի ունեցածը և ստանանք մեր հարցերի սպառիչ պատասխանները), ՀՖՖ պատասխանատու ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք Գյումրի և պատրաստ ենք ցանկացած բաց ֆորմատով հանդիպման (և մեր, և ձեր կողմից հրավիրված լրագրողների մասնակցությամբ, որպեսզի հետագայում միմյանց չմեղադրենք եղած-չեղած խոսակցությունների ու պայմանավորվածությունների առիթով)։
Կարծում ենք սիրով կընդունեք հրավերը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մելենդեսից մինչև ներկայիս ի պաշտոնե պատասխանատու անձինք վաղուց է ինչ Չեն եղել Գյումրիում (բացառությամբ լուսավորության համակարգի տեղադրման առիթի) և այս այցը միաժամանակ նաև լավ առիթ կհանդիսանա տեղում ծանոթանալու Ձեր և մեր ենթակառուցվածքների գործունեությանը»։