Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» մայիսի 15-ին հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Նոային»։
Հիշեցնենք՝ առաջին խաղակեսում վիճաբանության համար խաղադաշտից հեռացվել էին թիմերի գլխավոր մարզիչները՝ Եղիշե Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը։
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։
«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն,
ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Որքան էլ, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր:
Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»,- Արզումանյանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը: