«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Գյումրիի «Շիրակի» վերջին հայտարարությանը:
Երևանյան թիմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է:
«Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրագավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»»,- այսպիսի տողերով «Շիրակի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը բնութագրեց «Ուրարտուից» կրած պարտությունը Fastex Հայաստանի Գավաթի եզրափակչում։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի նմանատիպ պաշտոնական հայտարարությունը միայն կարող է զարմանք առաջացնել և ընկալվել որպես ակնհայտ հերյուրանք։ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն իր 12-ամյա պատմության ընթացքում 4 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, մեկ անգամ դարձել է Հայաստանի Գավաթակիր, ևս 3 անգամ՝ Սուպերգավաթակիր։
Արդար պայքարում նվաճած տիտղոսների և մրցանակային տեղերի շնորհիվ «Ալաշկերտը» մեծ հաջողությամբ մասնակցել է Եվրագավաթներին՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը միջազգային մրցասպարեզում և դառնալով եվրոպական ակումբային մրցաշարի ուղեգիր նվաճած առաջին հայկական ակումբը։
Հայկական ֆուտբոլի սիրահարներին և մեր թիմի համակիրներին ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր նպատակներն անփոփոխ են։ Պատվախնդիր ծրագրեր ունենք ինչպես Կոնֆերենցիաների լիգայի գալիք խաղարկության, այնպես էլ՝ նոր մրցաշրջանի հետ կապված։ Պատրաստվելու և համալրվելու ենք ամենայն լրջությամբ՝ մեր հայրենակիցներին դրական հույզեր պարգևելու ակնկալիքով։
Բացի այդ, մինչև վերջ շարունակելու ենք պայքարն ընթացիկ առաջնության լավագույն եռյակում հայտնվելու համար։
Թերևս, այսքանը։ Ուժեղանանք, հզորանանք, բարձր պահենք մեր երկրի պատիվը ու վերջ տանք իրար վրա «տակառ գլորելու» ու սեփական թերությունները «դավադրության տեսությամբ» արդարացնելու արատավոր պրակտիկային։ Աստված բոլորիս հետ»։