Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը Fastex Պրեմիեր Լիգայի՝ «Վան»-«Փյունիկ» հանդիպումից առաջ շնորհվել է երևանյան թիմին:
«Փյունիկի» ավագ Արտակ Դաշյանին մրցանակը հանձնել է Հակոբ Տոնոյանի որդին` Արա Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն ավելի վաղ որոշել էր չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին:
«Դեռևս մինչև 2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը: 2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր ՈՒԵՖԱ Եվրոպայի Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր: Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածում: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև, հիմնվելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի 6.09 կետի վրա, ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին»,- ասվում էր ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: