ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դժգոհ է փարիզյան ակումբի տրանսֆերային արշավից, հայտնում է RMC Sport-ը:
Նշվում է, որ այս հարցում հարձակվողը համաձայն է փարիզցիների մարզական տնօրեն Լուիս Կամպոսի հետ, ով վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ ակումբի տրանսֆերային արշավն ամենահաջողը չէր։
Միաժամանակ նման միտք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն՝ ասելով, որ ակումբի ղեկավարները ցանկանում են նոր տեսակի խաղացողի հետ պայմանագիր կնքել՝ հարձակման գծում ուժեղացնելու համար, սակայն դա տեղի չի ունեցել։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 9 խաղում խփել է 10 գոլ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Լիգա 1-ի 8 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայում 2 տուրից հետո փարիզյան ակումբը 6 միավորով H խմբում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։