«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել՝ Լիսաբոնի «Սպորտինգում» կամ Դորտմունդի «Բորուսիայում»: Այդ մասին գրում է AS-ը։
Մեկ շաբաթ առաջ մանկունիանցիները նույնիսկ չէին ցանկանում դիտարկել 37-ամյա պորտուգալացուն վաճառելու տարբերակը։ Սակայն Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4) և Ռոնալդուի արհամարհական պահվածքը հետագայում ստիպեցին ակումբի ղեկավարներին վերանայել իրենց որոշումը:
Իր հերթին Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։ Գործակալ Ժորժե Մենդեշն ակտիվորեն աշխատում է տարբերակների վրա, սակայն այսօր իրական տարբերակներ են մնում միայն գերմանական և պորտուգալական ակումբները։
«Բորուսիան» շարունակում է Սեբաստիան Ալերին արժանի փոխարինողի փնտրտուքները։ Դորտմունդցիները պայմանագիր են կնքել 34-ամյա Էնթոնի Մոդեստի հետ, սակայն պարզ է, որ Ռոնալդուն կկարողանա «մեղուներին» ավելի շատ արդյունավետություն հաղորդել։ Կողմերի միջև արդեն բանակցություններ են սկսել ընթանալ։
Ռոնալդուի մյուս տարբերակը «Սպորտինգ» վերադառնալն է, որի սանն է հանդիսանում: Նախորդ մրցաշրջանում «առյուծները» դարձան Պորտուգալիայի փոխչեմպիոն, որից հետո ակտիվ խոսակցություններ սկսվեցին Կրիշտիանուի վերադարձի մասին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում մեկնարկեց երկու պարտությամբ. «Բրենտֆորդից» առաջ թիմը պարտվել էր «Բրայթոնին» (1:2): Ռոնալդուն երկու հանդիպումներին էլ մասնակցել է, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։