Մադրիդի «Ատլետիկոն» փոխարինող է փնտրում հարձակվող Լուիս Սուարեսին, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
Իսպանական ակումբը բանակցություններ է սկսել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալական ակումբը բաց չի թողնի իր խաղացողին 70 միլիոն եվրոյից պակաս գնով։ 22-ամյա Նունյեսը հանդես է գալիս «Բենֆիկայում» 2020 թվականից, երբ «Արծիվները» 24 միլիոն եվրո վճարեցին «Ալմերիային»՝ նրան ձեռք բերելու համար:
Այս մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։