«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը մեկնաբանել է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ երկրի տարբեր մարզաձևերի առաջնությունները բաց դարձնելու վերաբերյալ որոշումը.
«Սա քաղաքական հարց է, բայց եթե հրավիրեն, ինչո՞ւ ոչ: Մենք պատրաստ կլինենք տեղափոխվել: Տնային խաղերը կանցկացնենք Երևանում, ԽՍՀՄ առաջնության նման կլինի: Բայց ես կարծում եմ՝ բանը դրան չի հասնի, մարդիկ խելամիտ կմտածեն: Շուտով ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցները կչեղարկվեն և ամեն ինչ նորմալ կլինի:
Մեզ համար տարբերություն չկա, բայց այդպիսի հարցերը մենք չենք որոշում: Մենք, ամեն դեպքում, դեմ չենք և մեծ ուրախությամբ կընդունենք նման առաջարկը»,- ասել է Գալստյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հայտարարել էր, որ Ռուսաստանի՝ գրեթե բոլոր մարզաձևերի առաջնությունները բաց կլինեն, այսինքն դրանց կկարողանան մասնակցել ինչպես ռուսական, այնպես էլ՝ արտասահմանցի մարզիկներ և թիմեր:
Հայաստանի առաջնության 2021/22 մրցաշրջանից 20 խաղից հետո «Արարատ-Արմենիան» գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Փյունիկին» գերազանցելով 3 միավորով: