Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի շրջանակում այսօր երկու հանդիպում է կայացել:
«Նոան» Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման միակ գնդակը 27-րդ րոպեին հեղինակել է թիմի իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:
Այս հաղթանակից հետո «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 47-ի և շարունակում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել: «Նոան» 24 միավորով 5-րդ տեղում է:
Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիան» Չարենցավանում հյուրընկալվել է «Նորավանքի» կողմից և երկու անպատասխան գնդակ ուղարկել Վայքը ներկայացնող թիմի դարպասը: Հանդիպման հաշիվը խաղի արդեն 19-րդ րոպեին բացել է Զաքարիա Սանոգոն, իսկ 9 րոպե անց երևանյան թիմի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն երկրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
«Արարատ-Արմենիան» շարունակում է գլխավորել ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 20 խաղից հետո վաստակած 50 միավորով: «Նորավանքը» 11 միավորով նահանջել է 8-րդ հորիզոնականը: