Գեղարվեստական մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Գայանե Ներսիսյանին կփոխարինի Զառա Գրիգորյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Նշենք՝ մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգն ավելի վաղ News.am—ին տված հարցազրույցում, խոսելով հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի մասին, մասնավորապես ասել էր․
«Գլխավոր մարզչի հետ կարճ ժամանակ եմ ծանոթ: Այս պաշտոնը նա զբաղեցնում է արդեն տասը տարի, բայց կլինեմ անկեղծ. որևէ առաջընթաց մարզաձևում, մարզուհիների արդյունքներում չկա: Ամեն ինչ, ասես, սառեցված է: Մենք կփորձենք իրավիճակ փոխել, արթնացնել մարզիչներին, մոտիվացիա տալ նրանց և ապագայի հույս արթնացնել մարզուհիների մոտ: Մարդկանց մեջ հավատ չկա, ապագայի նկատմամբ հույսը կարծես սպանել են: Մարզուհիների մեջ էլ հույս չկա, որ իրենց մոտ ինչ-որ բան կստացվի»:
Ռոտենբերգը ՀՄՖ փոխնախագահ է նշանակվել երեկ՝ փետրվարի 4-ին։