Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը գրեթե երկուսուկես տարի հետո կվերադառնա Գերմանիայի հավաքական:
Sport1-ի հաղորդմամբ ՝ 32-ամյա ֆուտբոլիստը կլինի Եվրոպայի առաջնությանը մասնակցող խաղացողների ցուցակում: Հայտացուցակը կհայտարարվի մայիսի 19-ին:
Իր վերջին միջազգային հանդիպումը Հումելսն անցկացրել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին. այն ժամանակ Գերմանիան Ազգերի լիգայում ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ՝ 2:2: Դրանից հետո Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դադարեց ֆուտբոլիստին հրավիրել հավաքական:
Հումելսը Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով 70 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ 2014-ին դարձել աշխարհի չեմպիոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լյովը ցանկանում է «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին ևս վերադարձնել Գերմանիայի հավաքական: