Իտալիայի D սերիայի շրջանակներում այսօր նախատեսված «Սիենա» (ACN Siena) ՖԱ-ի խաղը «Գրասինա»-ի դեմ հետաձգվել է՝ վերջինիս խաղացողների մոտ ախտորոշված թագավարակի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Նոայի» պաշտոնական կայքը։
Այդուհանդերձ նշվում է, որ Սիենայում այսօր կայացել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և Սիենայի քաղաքապետ Լուիջի դե Մոսսիի հանդիպումը։
Զրույցի ընթացքում Սիենայի քաղաքապետը վերահաստատել է Արցախի անկախության ճանաչմանն ուղղված՝ իրենց կողմից գործադրվող ջանքերի շարունակականությունը։ Նա նաև հայտնել է իր լիակատար աջակցությունը «Սիենա» թիմին և ակումբի նախագահ Ռոման Գևորգյանին։
Լուիջի դե Մոսսին նաև դեսպան Ծովինար Համբարձումյանին է ներկայացրել Սիենայի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերն ու 14-րդ դարի Սաղմոսարանը՝ հորդորելով հայագիտությանբ հետաքրքրվող բոլոր մարդկանց այցելել և տեղում ծանոթանալ Սիենայի գրադարանի հայկական պատմամշակութային ժառանգությանը։
Իր հերթին դեսպան Համբարձումյանը իր երախտագիտությունն է հայտնել Սիենայի քաղաքապետին՝ Արցախին ցուցաբերվող աջակցության համար և հույս հայտնել, որ քաղաքը ներկայացնող ֆուտբոլային ակումբը հնարավորինս արագ կվերագտնի իր արժանի տեղը Իտալիայի ֆուտբոլի ուժեղագույն՝ A սերիայում։
«Նոա» հոլդինգը, որը հանդիսանում է Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը, այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը։ «Սիենա»-ն ստեղծվել է 1904 թվականին: