Համավարակի սկսվելուն պես ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից գրություն է եկել՝ հորդորով, զերծ մնալ մարզական բոլոր միջոցառումներից։ Չեղարկվել են բոլոր մրցաշարերը՝ ընդհուպ մինչև Օլիմպիական խաղեր։ Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
«Նրանց հետ կապ ենք պահպանում․ նախնական պլաններ կան, որ հոկտեմբերին թույլ կտան ինչ-որ միջոցառումներ ունենալ։ Հիմա քննարկվում է աշխարհի առաջնություն անցկացնել-չանցկացնելու հարցը։ Ասել են նաև, որ այս շաբաթվա մեջ օրացույց կուղարկեն, սակայն ավելի հստակը կլինի օգոստոսին»,- նշում է մարզիչը, որի սաներն այս օրերին անհատական են մարզվում իրենց անձնական մարզիչների հետ միասին, իսկ ինքը կապը պահում է մարզիչների հետ ու տեղեկանում մարզումային պրոցեսից։
«Հավաքներն անցկացնելը հիմա մի քիչ ռիսկային է»,-կարծում է Կուրղինյանն ու անիմաստ է համարում այս իրավիճակում, երբ օրացույց դեռ չկա ու առաջիկա անելիքները հայտնի չեն, դիմել Պարետատուն․
«Եթե դիմենք Պարետատուն, ի՞նչ պիտի մեզ ասեն, եթե այսպիսի վիճակ է։ Մի հատ էլ թիմում համաճարակային պրոբլեմ գցել, դա էլ խելամիտ չի լինի։ Հիմա կարող են այսպես մարզվել, խնդիր չեմ տեսնում։ Երբ օրացուցային պլան ստանանք, սերտ կհամագործակցենք թե՛ նախարարության, թե՛ Պարետատան հետ․ կքննարկենք այդ հարցերը։ Բայց քանի դեռ հստակ պլան չունենք․․․բացի դրանից, ես էլ եմ հավաքներ կազմակերպելը ռիսկային համարում։ Գնամ այդպիսի ռիսկի այն դեպքում, երբ առաջիկա օրացուցային պլան դեռ չունենք»։
Իսկ հավաքները, պահպանելով սահմանափակումները, մտադիր են վերսկսել հուլիսից․ մինչ այդ օրացույցն էլ կլինի։ Իսկ որքանո՞վ են այդ սահմանափակումները՝ օրինակ 1,5 մետր հեռավորություն պահպանելով մարզվելը նպատակահարմար ըմբիշների համար․
«Քանի դեռ հստակ պլան չունենք, այսպես կարող ենք մարզվել, մեզ գորգային աշխատանքն այդքան էլ պետք չի լինի։ Հասկանում եմ, որ խնդիրներ կլինեն, բայց ի՞նչ արած, եթե իրավիճակն այսպիսին է։ Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը։ Փորձենք հաղթահարել։ Բայց հիմա չկա այնպիսի ոլորտ, որ այս վիճակից չտուժի ու հետընթաց չապրի։ Իրավիճակն է թելադրում»,- իր խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը։
Ավելի վաղ այս հարցերի շուրջ ArmSport-ի հետ զրույցում խոսել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։
Ստելլա Բաբլոյան