Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան օրեր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ 77 կգ քաշային կարգում Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը: Հավաքականի մարզիչներն այս որոշումը բացատրում են նրանով, որ Օլիմպիական խաղերին պետք է մասնակցի այն մարզիկը, ով ապահովել է այդ ուղեգիրը:
Այս որոշումը մի շարք հարցերի տեղիք տվեց՝ հաշվի առնելով այն, որ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ևս բազմիցս հայտարարել էր՝ մտադիր է մասնակցել Օլիմպիական խաղերին: Ըմբիշը վերջերս նաև միջազգային մրցաշարի էր մասնակցել Դանիայում՝ դառնալով ոսկե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Չալյան-Ջուլֆալակյան «դիմակայությանն» ու իրադարձությունների զարգացումը ներկայացրել սկզբից.
«2018 թվականի Հայաստանի առաջնության եզրափակչում հանդիպեցին Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը, հաղթեց Չալյան Կարապետը: Դրանից հետո միջազգային մրցաշարերով անընդհատ փորձվել է Չալյանին ու Ջուլֆալակյանին՝ հասկանալու համար, թե ով է գնալու Եվրոպայի առաջնություն: Այդ մրցաշարում նորից հաղթել է Չալյան Կարապետն ու մեկնել Եվրոպայի առաջնության: ԵԱ-ից հետո արդեն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար նորից դրվել է մրցակցություն՝ միջազգային մրցաշար, որտեղ նորից հաղթել է Կարապետ Չալյանը:

2019 թվականի Հայաստանի առաջնությունից առաջ նրանք եկան կշռվեցին, բայց Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվեց մասնակցությունից՝ տաքություն ունենալու պատճառով: Մենք ընդունել ենք, լավ: Հայաստանի չեմպիոն է դարձել Կարապետ Չալյանը: Գնացել ենք հավաքների, ոչ մի մրցաշար չի եղել մրցակցության համար: Երբ նախավերջին հավաքն էինք անցկացնում Մինսկի օլիմպիական բազայում, դրանից հետո ոչ մի մրցաշար չպետք է անցկացվեր մինչև Եվրոպայի առաջնությունը, ու այդ հավաքի երկրորդ օրը, երբ Չալյանը վնասվածք է ստանում, նոր Լևոն Ջուլֆալակյանն ասում է, որ ԵԱ-ին պետք է մասնակցեր Կարապետ Չալյանը, քանի որ Հայաստանի չեմպիոն է: Ու քանի որ նա պետք է ԵԱ-ին մասնակցեր, Արսեն Ջուլֆալակյանն էլ պետք է Եվրոպական խաղերին մասնակցեր: Բայց քանի որ Չալյանը վնասվածք էր ստացել ու չէր հասցնի վերականգնվել մինչև Եվրոպայի առաջնություն, որոշվեց՝ տեղերով փոխել, այսինքն Արսենը մասնակցի Եվրոպայի առաջնությանը, Չալյանը՝ Եվրոպական խաղերին: Այսպիսով, Ջուլֆալակյանը ԵԱ-ին մեկնում է առանց Հայաստանի առաջնության մասնակցության, բայց եթե չեմպիոնը վնասվածք է ստացել, չէ՞ որ երկրորդ տեղի մարզիկ էլ կա: Բայց լավ, Արսենը գնում է Եվրոպայի առաջնության, բրոնզե մեդալ է նվաճում, բոլորս ուրախանում ենք:
Իսկ երբ մոտենում ենք Եվրոպական խաղերին, Չալյանը հայտնում է՝ բուժել է վնասվածքն ու պատրաստ է մասնակցել: Պայմանավորվածությունն այսպես է լինում՝ գալիս ես մարզումների, եթե տեսնենք՝ պատրաստ ես, կարող ես՝ կմասնակցես: Նախավերջին հավաքին լիարժեք մարզումներ է անցկացրել, վերջին հավաքի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը Չալյանին առաջարկում է՝ «Դու ոչ մի դեպքում աշխարհի առաջնության չես մասնակցելու, եթե մեզ համար խնդիրներ ստեղծես, անգամ Եվրոպական խաղերին չես մասնակցի»: Սա պայմանավորվածությո՞ւն է, թե՞ պայման դնել:

Կարապետ Չալյանին մնում էր միայն ասել՝ «լավ, կմասնակցեմ Եվրոպական խաղերին, կտեսնեմ՝ ինչպես եմ մասնակցում»: Ահա, խնդրեմ ձեր պայմանավորվածությունը: Մարդուն հնարավորություն չի տրվել ինչ-որ բան ընտրելու, միայն պարտադրվում է: Մարդը, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է Աշխարհի առաջնության մասնակցել, համաձայնում է գնալ Եվրոպական խաղերին, ու շատ լավ է մասնակցում: Եթե կարծում եք՝ Եվրոպական խաղերը թույլ են, ապա սխալվում եք: Եվրոպական խաղերի ժամանակ Հունգարիայի ներկայացուցիչը, որին Կարապետը հաղթեց, մոտ 2 ամիս անց Աշխարհի առաջնությունում հռչակվեց չեմպիոն: Թո՞ւյլ են Եվրոպական խաղերը: ԵԽ-ում պարզապես մասնակիցների քանակն է քիչ: Միայն 16 մարզիկ կարող է մասնակցել Եվրոպական խաղերին՝ ամեն քաշում: Օլիմպիական խաղերին ևս 16 մարզիկ է մասնակցելու: Նշանակում է՝ թո՞ւյլ են Օլիմպիական խաղերը»,- պատմում է Գևորգ Ալեքսանյանը:
Աշխարհի առաջնությանն, ամեն դեպքում, պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած մարզիկը, ինչը չի պահպանվել.
«Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությանը չմասնակցած մարզիկը: Այդ դեպքում Հայաստանի չեմպիոնին ի՞նչ պատասխան տանք: Հայաստանի չեմպիոն ես դարձել, բայց ոչ մի մրցաշարի չես մասնակցում: Չեմ ասում, թե Հայաստանի առաջնության մեդալն ավելի կարևոր է, քան Եվրոպայի առաջնությանը: Պարզապես Հայաստանի չեմպիոնը իրավունք է վաստակել թե՛ Եվրոպայի առաջնությանը, թե՛ Եվրոպական խաղերին և թե՛ աշխարհի առաջնությանը մասնակցելու: Հիմա մենք Հայաստանի չեմպիոնին զրկե՞նք ամեն ինչից: Դա՞ է ճիշտը:

Երբ աշխարհի առաջնությունից առաջ՝ Եվրոպական խաղերից հետո, սկսվեց նախապատրաստվելու փուլը, բոլորիս պահանջն էր միջազգային մրցաշարերի մասնակցությամբ որոշել, թե ով պետք է մասնակցի Աշխարհի առաջնությանը այդ քաշային կարգում: Չալյան Կարապետը պատրաստ էր Արսեն Ջուլֆալակյանի հետ մասնակցել Լեհաստանի միջազգային մրցաշարին, ով հաղթեր, նա էլ կգնար Աշխարհի առաջնության: Ով ուժեղ է, նա էլ գնում է: Բայց Արսեն Ջուլֆալակյանը տարբեր պատճառներով հրաժարվում է մասնակցել այդ մրցաշարին: Բանը հասնում է նրան, որ դիմում են թե՛ ֆեդերացիային, թե՛ ՀԱՕԿ-ին, որոշվում է, որ երկուսն էլ պետք է մասնակցեն Լեհաստանի մրցաշարին, բայց Արսենն ընդհանրապես հրաժարվում է մասնակցել, վերջում ընտրվում է գոտեմարտի օր Մինսկում, ով հաղթեց նա էլ պետք է մեկներ Աշխարհի առաջնության, նորից գոտեմարտ, նորից հաղթում է Կարապետ Չալյանը: Ինչքա՞ն կարելի է ապացուցել, որ Չալյանն ուժեղ է: Այդ գոտեմարտում հաղթելու շնորհիվ Չալյանը մասնակցեց Աշխարհի առաջնությանը, օլիմպիական վարկանիշ ձեռք բերեց:
Հայաստանի պատմության մեջ միշտ եղել է այսպես՝ ով վարկանիշ է ձեռք բերել, նա էլ մասնակցել է Օլիմպիական խաղերին: Բայց մենք՝ մարզիչներով, որոշել էինք ևս մեկ հնարավորություն տալ Արսեն Ջուլֆալակյանին, եթե ապացուցեր, որ ինքն է ուժեղը, ինքն էլ կգնար Տոկիո՝ անկախ նրանից, թե վարկանիշն ով է նվաճել»,- պատմում է Գևորգ Ալեքսանյանն ու շարունակում.
«Հայաստանի առաջնությունից 2 ամիս առաջ՝ աշխարհի առաջնությունից հետո, ասվում է՝ բոլորը պետք է մասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նորից տարբեր պատճառներ հրաժարվելու համար: Բանը հասնում է նրան, որ դիմում են Գագիկ Ծառուկյանին, նշում, որ չեն ցանկանում մասնակցել Հայաստանի առաջնությանը, քանի որ ունեն պատճառներ և խանգարող հանգամանքներ: Գագիկ Ծառուկյանն ասում է՝ Հայաստանի առաջնությունից հետո պետք է անպայման գոտեմարտեն իրար հետ: Պայմանավորվածություն են ձեռք բերում: Երբ մենք ենք հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ, նա ասում է, որ ով դարձավ Հայաստանի չեմպիոն այդ քաշային կարգում՝ երրորդ մարդ, երեքով գնալու են որևէ միջազգային մրցաշարի՝ Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու երրորդ մարզիկը, որը կդառնար Հայաստանի չեմպիոն, քանի որ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ թե՛ Չալյանը, թե՛ Ջուլֆալակյանը ազատվեցին Հայաստանի առաջնությանը մասնակցելուց: Հայաստանի առաջնությունից հետո մենք նախատեսում էինք Նիցի մրցաշարին մասնակցել, բայց Արսենը Նիցի մրցաշարին մասնակցելուց ևս հրաժարվեց: Երբ նորից հրաժարվում է մասնակցությունից, ուրեմն մրցակցությունից դուրս է մնում»:

Արսեն Ջուլֆակայանն այդ օրերին միջազգային մրցաշարի մասնակցեց Դանիայում ու ոսկե մեդալ նվաճեց: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատճառաբանությամբ է նա հրաժարվել Նիցի մրցաշարին մասնակցելուց.
«Դանիայի մրցաշարը նույն օրերին էր անցկացվում, ու այդ մրցաշարին դուք էլ գիտեք, թե ինչ որակի մարզիկներ են մասնակցում, չի կարելի Դանիայի մրցաշարի մասնակիցներին համեմատել Նիցի մրցաշարի մասնակիցների հետ: Նիցի մրցաշարից 3-4 օր առաջ նորից հանդիպել ենք Լևոն Ջուլֆալակյանի հետ, որպեսզի անպայման Արսենը մասնակցի Ֆրանսիայի մրցաշարին, բայց հրաժարվել են: Այսինքն, եթե մարզիկը կարող է տարբեր տեղերում մրցաշարի մասնակցել, բայց Նիցայի մրցաշարին մասնակցել պատրաստ չէ, ես դա չեմ հասկանում: Դանիայում պատրաստ է չեմպիոն դառնալ, իսկ Նիցի մրցաշարին մասնակցել պատրաստ չէ՞, չեմ կարողանում հասկանալ:
Ի՞նչ պատճառաբանությամբ է հրաժարվել. «Դեռ պատրաստ չէ մրցակցել Կարապետ Չալյանի հետ»:
2019 թվականի դեկտեմբերի սկզբին կայացել է Հայաստանի առաջնությունը, իսկ դրանից դեռ 1 շաբաթ առաջ Արսեն Ջուլֆալակյանին տեղեկացրել ենք, որ իրենք 3-ով մասնակցելու են Նիցի մրցաշարին: Իսկ Նիցի մրցաշարը հունվարի 18-ին էր, այսինքն մոտ 2 ամիս ժամանակ կար նախապատրաստվելու համար: Բայց հենց այդ պահից սկսած հրաժարվել է տարբեր պատճառաբանություններով: Պատասխանատվությունը դրված է եղել մարզչական շտաբի վրա, իսկ մարզիչներս այսպիսի որոշում ենք կայացրել: Այս ընթացքում նրանք տարբեր մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել, փորձել են համոզել փոխել որոշումը, բայց այդպիսի բան չէր կարող լինել»:

Գևորգ Ալեքսանյանի խոսքով, Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է մրցակցել Օլիմպիական խաղերից մոտ 2 ամիս առաջ որևէ մրցաշարում.
«Այդ առաջարկի մասին էլ կցանկանամ խոսել: Եթե այդ ժամանակ էլ Կարապետ Չալյանը պատրաստ չլիներ մրցակցել, ինչպե՞ս էինք ընտրելու, թե ով է մասնակցելու Տոկիո-2020-ին: Հիմա Արսենը պատրաստ չէ, իսկ եթե ՕԽ-ից 2 ամիս առաջ էլ Չալյանը պատրաստ չլինի, ինչպե՞ս էինք ընտրելու մասնակցին: Այսօր Հայաստանի հավաքականը մի կորիզ է, բոլոր մասնակիցները գալիս մարզվում են: Հիշո՞ւմ եք՝ Արսեն Ջուլֆալակյանը երբվանից Հայաստանի հավաքականի հետ չէ: Ինչո՞ւ հավաքականի հետ չէ. իրեն հարցրեք: Մենք միշտ պատրաստ ենք եղել, որ նա լինի հավաքներին ու մասնակցի մարզումներին, բայց ոչ մի հավաքի նա մեզ հետ չի եղել: Տարվա սկզբից պլանավորվում են բոլոր հավաքներն ու մրցաշարերը: Հիմա մենք պլանավորում ենք Օլիմպիական խաղերին մասնակցող տղաների պատրաստման փուլ: Բայց Արսենը չի ցանկանում համակերպված մեզ հետ պատրաստվել: Ուզում է Օլիմպիական խաղերին մասնակցել, բայց չի ցանկանում մեզ հետ պատրաստվել: Երևի՝ անհատական ծրագիր ունի»:
Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ հավաքականի մարզիչներն իրենց համաձայնությունը չեն տվել Արսեն Ջուլֆալակյանի՝ Դանիայի մրցաշարին մասնակցելուն.
«Մարզչական խորհրդով մենք ասել ենք, որ նա պետք է Նիցի մրցաշարին մասնակցի: Բոլոր հանդիպումների ժամանակ նույն բանն է ասվել: Եթե ցանկանում ենք որոշել, թե որ մարզիկն է ավելի ուժեղ, ապա նույն մրցաշարին պետք է մասնակցել: Ու լավ կլինի, որ այդ մրցաշարի ընթացքում նաև անձնական հանդիպում լինի»:
Ներկայումս Կարապետ Չալյանը ՕԽ-ի պատրաստության հատուկ փուլ է անցնում՝ հանգստյան, բուժումների, ինչպես նաև ֆունկցիոնալ պատրաստականություն պետք է անցնի և վերջում հասնի գագաթնակետին ու պատրաստ լինի մասնակցել Օլիմպիական խաղերին: