Դեկտեմբերի 10-ից 13-ը «Նոա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն այցելել է եվրոպական մի շարք թիմերի ակադեմիաներ (VFL Wolfsburg, Schalke 04, FC Köln, PSV Eindhoven):
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Կազմակերպվել և տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ ակադեմիաների տնօրենների, միջազգային գերատեսչությունների ներկայացուցիչների, մանկապատանեկան սելեկցիոն բաժինների ղեկավարների, ինչպես նաև մարզիչների հետ։

Հաջողվել է համաձայնության գալ գերմանական ակումբներից մեկի հետ` բացառիկ համագործակցության վերաբերյալ։ Ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:
Նշենք, որ 2020 թվականի սկզբին նախատեսվում են հանդիպումներ նաև Բելգիայի և Ավստրիայի ֆուտբոլային ակադեմիաների տնօրենների հետ:
Հիշեցնենք` «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն ArmSport-ին վերջերս տված հարցազրույցում հայտնել էր, որ ակումբը պլանավորում է ունենալ սեփական մանկապատանեկան ակադեմիա: