Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջատար «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Սևիլյային»: Իր հերթին, շաբաթ օրը, Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Էյբարին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ երեկ «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Վալյադոլիդին» և հաղթեց նվազագույն հաշվով: Հաղթական գոլը տանտերերը խփեցին 90-րդ րոպեին:
Արդեն այս տուրում Սիմեոնեի թիմի ու «Բարսելոնայի» միջև միավորների տարբերությունը հասավ 1 միավորի։ «Ռեալը» առաջատարից հետ է մնում արդեն 3 միավորով: Իսկ «Սևիլյան» 58 միավորով ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում:
Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ երեք առաջատարներին ընդամենը մի քանի միավորներ են բաժանում, և մրցաշրջանի եզրափակիչ հատվածը խոստանում է լինել շատ թեժ՝ չեմպիոնության համար մրցավազքում։
Հաջորդ տուրում արդեն կկայանա Էլ Կլասիկոն․ «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։ Հանդիպման խաղաղ ելքը ձեռնտու կլինի «Աթլետկոյին», որը կարող է մի փոքր ավելացնել միավորների տարբերությունը երկու գրանդներից, սակայն Սիմեոնեի թիմին ևս դժվար փորձություն է սպասվում։ Արտագնա խաղում Մադրիդը ներկայացնող ակումբը կհանդիպի եվրագավաթային տեղերի համար պայքարող «Բետիսին»։
Մինչ մրցաշրջանի ավարտը երեք թիմերին էլ դեռ մի քանի բարդ հանդիպումներ են սպասվում, և դժվար է ասել, թե թիմերից որը գլուխը բարձր պահած դուրս կգա այդ շարքից։ Գումարած, դեռ անձական հանդիպում ունեն անցկացնելու «Աթլետիկոն» և «Բարսելոնան» (35-րդ տուր), որը կարող է ինչ-որ տեղ որոշիչ լինել մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածության հետ կապված։ Ահա թե ինչպիսի մրցակիցներ են սպասվում առաջիկայում երեք գրանդներին։
«Աթլետիկո» — «Աթլետիկ», «Բարսելոնա», «Ռեալ Սոսեյդադ»
«Բարսելոնա»- «Վիլյառեալ», «Վալենսիա», «Աթլետիկո»
«Ռեալ»— «Բետիս», «Սևիլյա», «Աթլետիկ», «Վիլյառեալ»
Եթե առաջին քառյակն արդեն ձևավորված կարելի է համարել, եվրագավաթային տեղերի համար պայքարող թիմերն էլ արդեն պարզ են (5-7-րդ տեղեր), ապա մրցաշարային աղյուսակի նկուղում ևս թեժ է լինելու։ Այս պահին չկա ակնհայտ հետնապահ, որին կարելի է վստահաբար ուղարկել Սեգունդա։ Ամենայն հավանականությամբ արևի տակ տաք տեղի համար կպայքարեն վերջին 5 հորիզոնականները զբաղեցնող թիմերը, որոնցից միայն երկուսը կկարողանան պահպանել իրենց տեղը Լա Լիգայում։
Լավագույներն այս պահին
Այս պահին ռմբարկուների ցուցակը գլխավորում է Մեսսին, ով իր ակտիվում ունի 23 գոլ։ Նրան հաջորդում են Ջերարդ Մորենոն («Վիլյառեալ») և Լուիս Սուարեսը («Աթլետկո»), ովքեր աչքի են ընկել 19-ական անգամ այս մրցաշրջանում։ Իսկ գոլային փոխանցումների քանակով լավագույնը «Սելթայի» հարձակվող Յագո Ասպասն է, ով 10 անգամ օգնել է իր թիմակիցներին գրավել մրցակիցների դարպասը։
Տուրի սկանդալը
Այս տուրն աչքի ընկավ մեծ սկանդալով․29-րդ տուրում «Վալենսիան» արտագնա սկանդալային խաղում պարտվեց «Կադիսին»: «Չղջիկները» 1-2 հաշվով արտագնա պարտություն կրեցին: «Կադիսը» հաղթանակը կորզեց 88-րդ րոպեին: Հանդիպման 36-րդ րոպեին «Կադիսի» պաշտպան Կալայի հետ բախվելու հետևանքով լեզվակռիվ սկսվեց նրա ու «Վալենսիայի» կիսապաշտպան Դիակաբիի միջև, որի ընթացքում, ըստ Դիակաբիի, հնչել են ռասիստական վիրավորանքներ: Երկար քննարկումից հետո «Վալենսիայի» խաղացողները մեկ մարդու պես լքեցին խաղադաշտը՝ ի նշան բողոքի:
Marca պարբերականը հրապարակել է այդ դրվագի մանրամասները, որոնք մրցավարի կողմից ներկայացվել են հանդիպման զեկույցում։
Հաջորդ՝ 30-րդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 9-12-ը, իսկ ապրիլի 10-ին տեղի կունենա իսպանական Էլ Կլասիկոն՝ «Ռեալ»-«Բարսելոնա»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանկով 23։00-ին։