ՀՖՖ Գործադիր կոմիտեի երեկ կայացած նիստում մի շարք ակումբների՝ ՀՖՖ-ին անդամությունը կասեցնելու որոշում է կայացվել։ Այդ ակումբների թվում է նաև «Դովեղը», որին ըստ ֆեդերացիայի՝ անդամությունից զրկելու հիմք է հանդիսացել ՀՖՖ-ի կողմից կազմակերպված առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին չմասնակցելը, ինչը ՀՖՖ կանոնակարգի 16-րդ հոդվածի 1-ին կետի գ ենթակետի խախտում է։ Armsport-ն այս թեմայի շուրջ զրուցել է ակումբի հիմնադիր, հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։
«Ես ֆուտբոլում նոր մարդ եմ։ Կան մարդիկ ովքեր միլիոնավոր դոլարներ են ծախսել՝ նույն «Արարատ-Արմենիան»։ Իսկ ես ընդամենը 2 տարի է, ինչ ֆուտբոլում եմ ու ծախսել եմ ընդամենը մի քանի միլիոն դրամ։ Եվ ես ուզում եմ համեստ պահել ինձ։ Այսինքն, չասել բաներ, երբ շատ գործ չեմ արել։
Ինձ համար որևէ տարբերություն չկա, ես ֆեդերացիայի կազմում եմ, թե կազմում չեմ։ Այս տարի արդեն երեխաների երկրորդ մրցաշարն եմ կազմակերպում, լինելու է նաև երրորդը։ Ինձ համար ֆեդերացիայի կազմում լինելը ինչ-որ մեծ առավելություն չէր։ Միայն մի բան կարող եմ ասել․ այն, ինչ անում է ֆեդերացիան, խորը ապօրինություն է։ Այսքան բան կարող եմ ասել»,-ասաց Հակոբյանը։
Թաթուլ Հակոբյանը կապ չի գտնում այս որոշման և իր՝ կառավարող ուժի հասցեին կոշտ քննադատությունների միջև։ Բայց միևնույն ժամանակ կարծում է, որ աբսուրդ է, երբ «Դովեղի» անդամությունը կասեցնում են մի պատճառաբանությամբ, որը կար նաև նախկինում։
«Դա աբսուրդ է։ Դրա համար եմ ասում, որ ֆեդերացիայի արածն ապօրինություն է։ Բայց նաև ուզում եմ ասել, որ բացառում եմ դա (քաղաքական դրդապատճառներով հեռացնելը/խմբ․)։ Ես չեմ կարծում եմ, որ նման բան կարող է լինել, որևէ կապ չեմ տեսնում։ Այո՛, ես օր ու գիշեր մեղադրում եմ այս իշխանություններին Արցախում պարտության համար, բայց դա ոչ մի ձևով չեմ կապում այս [ֆուտբոլային] գործունեության հետ։
Կապը դուք կարող եք ուրիշ տեղ գտնել։ Կապը գուցե այնտեղ է, որ ես միացել եմ այլ ակումբներին, որոնք ցանկանում էին ժողով անել։ Երբ սկսեմ նորմալ գործունեություն ծավալել, ես կարող եմ ավելի շատ խոսել։ Հիմա չեմ ուզում այս թեմայով շատ խոսել, ես ի վերջո հանրային մարդ եմ, դրա խնդիրը չունեմ»,-եզրափակեց Հակոբյանը։
Ավելի վաղ «Դովեղին» ՀՖՖ անդամությունից զրկելու հարցին դեմ քվեարկած՝ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը Armsport-ի հետ զրույցում նշել էր, որ «Դովեղը» ի սկզբանե ստեղծվել է սահմանամերձ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլ ունենալու, կազմակերպելու և զարգացնելու նպատակով, և ոչ մեծ ռեսուրսներով․ «Այսինքն «Դովեղի» հիմնադիրը շատ այլ ակումբների հնարավորությունը չունի, և նիստի ընթացքում էլ ասացի, որ շատ կափսոսեմ, եթե վերջինիս անդամությունը կասեցվի»։
Արամ Սահակյան