Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Ուսումնամարզական հավաքի հերթական մարզմանը ներկա է եղել նաև ArmSport-ը:
Տարվա առաջին հավաքի ընթացքում շեշտը դրված է մարզիկների ֆիզիկական պատրաստվածության վրա. «Մրցաշրջան 2021-ը մեզ համար շատ կարևոր է: Ունենք Օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, ինչպես նաև այս տարի պետք է կայանան Օլիմպիական խաղերը: Մենք այս մրցաշրջանին կարելի է ասել պատրաստվում ենք վաղուց: Տարվա առաջին հավաքն ենք անցկացնում և շեշտը դնում ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Տղաների վիճակը լավ է: Վնասվածքներ չկան: Բոլորն էլ կազմ ու պատրաստ են հավաքին»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Ծաղկաձորյան երկշաբաթյա հավաքից հետո ազատ ոճայինները հավաք կանցկացնեն Երևանում, որից հետո կմասնակցեն միջազգային մրցաշարի՝ պատրաստվելով վարկանիշային մրցաշարերին:
«Ունենք երկու վարկանիշային մրցաշար: Առաջինը տեղի կունենա մարտին՝ Բուդապեշտում, իսկ հաջորդը՝ Սոֆիայում մայիս ամսին: Դեռ մեկ ամիս չի անցել աշխարհի գավաթի անհատական խաղարկությունից: Տղաները վնասվածք չունեն և փառք Աստծու ամեն ինչ նորմալ է: Թիմի մարտունակությունը բարձր է: Չեմ կարող ասել, թե քանի վարկանիշ ձեռք կբերենք, բայց կփորձենք պայքարել և անել առավելագույնը՝ անհնարինը, իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա միայ գորգը»,-նշեց մարզիչը:
Ամփոփելով նախորդ տարին՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խնդիրները, Կուրղինյանը նշեց, որ իրավիճակն ամբողջ աշխարհում էր նույնը:
«Այս ամենն ազդեցություն իհարկե կունենա: Դա ոչ միայն մեզ մոտ էր այլ ամբողջ աշխարհում: Բոլորը մարզվում էին տեղերում՝ արտագնա հավաքներ մենք էլ չենք ունեցել, բայց Երևանում, Գյումրիում, Ծաղկաձորում ունեցել ենք հավաքներ: Մասնակցել ենք աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը, որը կարելի է ասել մեկնարկ էր 2021-ի համար: Հաջող ստացվեց, լավ մասնակցեցինք: Ամեն դեպքում, ամբողջ աշխարհում, բոլորի մոտ նույն վիճակն է: Մյուս երկրներում էլ կան այս խնդիրները: Մեզ մոտ ճիշտ է ավելի վատ ստացվեց ամեն ինչ՝ հաշվի առնելով նաև պատերազմը: Գուցե պարադոքս լինի, բայց այս ամենը տղաներին հոգեբանորեն ավելի կոփեց և ուժեղ դարձրեց»,-նշեց Կուրղինյանը:
Խոսելով ՀԱՕԿ-ԿԳՄՍՆ-ֆեդերացիաներ համագործակցության մասին Կուրղինյանն ասում է.
«ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության և ընդհանրապես ֆեդերացիաների սերտ համագործակցությունը միանշանակ օգուտ է սպորտին: Ես նորից նշեմ, որ մարզումներն արել ենք, հավաքներ արել ենք ըստ իրավիճակի: Իսկ մարզումային ընթացքը կազմակերպում ենք մենք՝ հավաքականի մարզչական շտաբն ու ֆեդերացիան, ու հնարավորինս չափ կազմակերպել ենք միջոցառումներ՝ անցկացրել ենք Հայաստանի առաջնություն, անցկացրել ենք հավաքներ ու մասնակցել ենք Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Իսկ ՀԱՕԿ-ի և նախարարության ու ֆեդերացիաների միջև, հուսով եմ և լավատես, որ համագործակցությունը լավ կլինի ու հավաքականներին տեխնիկապես ու այլ հարցերով կաջակցեն»-եզրափակեց Հաբեթնակ Կուրղինյանը:
Երվանդ Հակոբյան