Տոկիոյի Oլիմպիական խաղերի կազմկոմիտեն մրցումների պարզեցման, բյուջեի կրճատման 60 կետ է առանձնացրել և սպասում է համաձայնության։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Կազմակերպության գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն ասել է, որ վերջնական խոսքը ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովինն է։ Քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 24-25-ին:
Ակնկալվում է, որ կնվազեցվի խաղերի բացման և փակման արարողություններում ներգրավված անձնակազմի քանակը և ենթակառուցվածքների նախապատրաստության ծախսերը:
Հաշվի է առնվել նաև հանդիսականի ներկայությունը, սակայն ՄՕԿ-ը չի բացառում խաղերը փակ դռների հետևում անցկացնելու հնարավորությունը:
Ճապոնացիները ուշադիր են COVID-19- ի տարածման իրավիճակին և, միաժամանակ, զերծ են մնում հապճեպ որոշումներ կայացնելուց:
ՄՕԿ-ի փոխնախագահ, համակարգող հանձնաժողովի նախագահ Ջոն Քոութսը հայտնել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է համավարակի դեմ պայքարի միջոցառումների առաջին փաթեթը ներկայացնել հանրությանը: