Կատալոնական հեղինակավոր Sport.es պարբերականի գլխավոր խմբագիր Ժոան Վեհիլսը սուր քննադատության է ենթարկել ինչպես Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին «Ոսկե գնդակը» շնորհելու որոշումը, այնպես էլ բուն մրցանակաբաշխության կազմակերպչական մակարդակը։
«Լամինն արժանի էր ավելիին։ Յամալը չհաղթեց, և ես սա համարում եմ անարդարություն։ Նա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր՝ խաղացող, որը վճռում էր հանդիպումների մեծ մասի ելքը, կերտում անհավանական գեղեցկության դրվագներ և ամեն անգամ ֆուտբոլը վերածում այլ մոլորակից եկած ներկայացման։ Բացի այդ, նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ Այդուհանդերձ, «Ոսկե գնդակը» բաժին հասավ Հարի Քեյնին՝ անկասկած, ականավոր ռմբարկուի, որը, սակայն, պակաս բազմակողմանի ֆուտբոլիստ է, քան Լամինը կամ նույնիսկ Մբապեն։ Ինչ-որ մեկը կասի, թե խնդիրը գնահատման չափանիշների մեջ է, բայց ես դրա հետ համաձայն չեմ։
Այնուամենայնիվ, «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կրկին անցավ «կապտանռնագույնների» նշանի ներքո։ Ստանալով 17 անվանակարգ և 6 մրցանակ՝ «Բարսան» հերթական անգամ ապացուցեց, որ մնում է Եվրոպայի ամենանշանակալի ակումբներից մեկը։ Ալեքսիա Պուտելյասը, որն այլևս չի կրում «կապտանռնագույն» մարզաշապիկը, ընդմիշտ կմնա «Բարսայի» պատմության մի մասնիկը։ «Բարսելոնայի» ողջ համայնքն իրավամբ այդ հաջողության զգալի մասն իրենն է համարում։ Արժե նշել նաև Լուիս դե լա Ֆուենտեին և Ունաի Սիմոնին, որոնք ևս արժանիորեն պարգևատրվեցին։
Սակայն այս ամբողջ տոնը չպետք է խանգարի մեզ մտորել. ի վերջո, իրականում ինչի՞ համար է հանձնվում «Ոսկե գնդակը»՝ տիտղոսների՞, վիճակագրությա՞ն, բնատուր տաղանդի՞, թե՞ խաղերի ելքը վճռելու ունակության։ Եթե Լամինը լավագույնը չճանաչվեց, ապա դժվար է պատկերացնել, թե էլ ինչ նա պետք է աներ այս մրցանակին արժանանալու համար։ Հնարավոր է՝ նրա դեմ աշխատեց երիտասարդ տարի՞քը։ Բայց այդպես չպետք է լինի։ Քվեարկությունը պետք է հիմնվի նրա վրա, թե ինչի է ֆուտբոլիստն արդեն հասել, այլ ոչ թե նրա, թե ինչի կարող է հասնել ապագայում։
Ի դեպ, թեև կազմակերպիչներին հաջողվեց մինչև վերջին պահը գաղտնի պահել հաղթողների անունները, ֆոտոսեսիայի ժամանակ տիրող քաոսը, բազմաթիվ ուշացումներն ու արարողության չափազանց ձգձգված լինելը բացարձակապես անվայել էին նման մակարդակի միջոցառման համար»,- Վեհիլսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով Քեյնը շրջանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին և «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին։
























































