ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դատարանի առաջ կկանգնի կոռուպցիայի գործով, հայտնում է El Pais-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 17-ին Բարսելոնայում դատական գործընթաց կսկսվի բրազիլացի հարձակվողի և ևս 5 մարդու դեմ, ովքեր մեղադրվում են «Բարսելոնայի» հետ իր պայմանագրով կոռուպցիա իրականացնելու մեջ: Մեղադրանքը 2 տարվա ազատազրկում է ենթադրում Նեյմարի համար:
Դատական հայցերը ներկայացվել են Նեյմարի ծնողների, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելի և Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ:
Հայցը ներկայացրել է բրազիլական DIS ընկերությունը, որին են պատկանել ֆուտբոլիստի իրավունքների 40%-ը, երբ վերջինս հանդես էր գալիս «Սանթոսում» (այդ ակումբից այնուհետև տեղափոխվեց «Բարսելոնա»): Ընկերությունը կարծում է, որ խաբեության զոհ է դարձել և 150 մլն եվրո փոխհատուցում է պահանջում:
DIS-ը և դատախազությունը կարծում են, որ 2011 թվականին Նեյմարն ու իր հայրը երկու կեղծ պայմանագիր են կնքել «Բարսելոնայի» հետ՝ արհամարհելով այն փաստը, որ ֆուտբոլիստի իրավունքներն արդեն իսկ պատկանել են «Սանթոսին»:
Դատախազությունը 2 տարվա ազատազրկում է պահանջում Նեյմարի համար և մոտ 10 մլն եվրո տուգանքի վճարում: DIS-ն, իր հերթին, պահանջում է, որ Նեյմարը 5 տարով ազատազրկվի:
























































