Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։
Այս մասին խաղացողը հայտնել է իր սոցիալական ցանցերում։
«Ես գրում եմ սա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր թիմակիցներին՝ նախկին և ներկա, ինչպես նաև մարզիչներին, ակումբի անձնակազմին և երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ: Ես եկել եմ «Ռեալ» ինը տարի առաջ որպես շատ երիտասարդ տղա, ով ցանկանում էր իրականացնել իր երազանքը և խաղալ այս ակումբում:
Ես ուզում էի խաղալ այս մարզաշապիկով, կրծքին այս տարբերանշանով, խաղալ «Սանտիագո Բեռնաբեուում», նվաճել գավաթներ և լինել ինչ-որ մեծ բանի մաս: Հիմա կարող եմ հետ նայել և անկեղծորեն ասել, որ երազանքն իսկապես իրականացավ և նույնիսկ ավելին։ «Ռեալի» մի մասը լինելը և այն ամենը, ինչին հասել ենք, անհավատալի փորձ է, և ես դա երբեք չեմ մոռանա։ Դա պատիվ էր ինձ համար։ Շնորհակալություն»- գրել է ուելսցին։
























































