«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դժգոհ է մնացել Լա լիգայի ղեկավարի հայտարարություններից։
Խավիեր Տեբասը ավելի վաղ մեկնաբանել էր ակումբի ֆինանսական վիճակը և նշել, որ կատալոնացիները չեն կարողանա պայմանագիր կնքել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ:
«Լա Լիգայի ղեկավարի հայտարարությունները կարդալուց հետո, որ մենք չենք կարողանում խաղացող ձեռք բերել, ես կցանկանայի հիշեցնել նրան, որ նրա դերը լիգայի և ակումբների շահերը հոգալն է: Ես կխնդրեի նրան ձեռնպահ մնալ ասելուց, թե արդյոք «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել այս կամ այն խաղացողի հետ։ Դրանք ակնհայտ վնաս են հասցնում թիմի շահերին, բացի այդ, չգիտեմ՝ միտումնավո՞ր են նման մեկնաբանություններ արվում։
Եթե այդ հայտարարություններն արվում են միտումնավոր, ապա սա «Բարսելոնայի» շահերին վնասելու ցանկության հստակ նշան է։ Եթե ոչ, ապա սա նրա անզսպության և փառքի ձգտման ևս մեկ ապացույց է։ Կարծում եմ՝ դա նրա գործը չէ»,- մեջբերում է Լապորտային Marca-ն։
























































