Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»- «Լոռի» հանդիպումը: Այդ խաղով առաջնության <<ընտրական>> մասի երկու երրորդն ավարտվեց:
Աղյուսակն ամբողջական տեսք է ստացել: Ի հայտ են եկել առաջատարներն ու հետնապահները, բայց այն, որ լավագույն վեցյակը դեռ կազմված չէ, դա փաստ է:
25-ական միավորով առաջատարությունը ստանձնել են Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը»:
Բիչախչյանի թիմը կրկին կրակոտ ֆուտբոլ է ցուցադրում ու արժանի մրցակցություն ապահովում:

«Արարատն» էլ վերելքի շեմին է՝ կազմում ունենալով փորձառու ֆուտբոլիստներ, իսկ եզրային գծիծ այն կողմ՝ «խաղացող»-մարզիչ: Վալերի Հովհաննիսյանի վերադարձը հետաքրքիր ստացվեց: Ամեն խաղում նա իր թիմի կողքին է ու շատ ու շատ մարզիչներից ավելին է անում թիմի համար՝ չնայած ակումբում նրա այլ հաստիքին:
Նրանցից մեկ միավոր պակաս ունի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Առաջնության մեկնարկից առաջ չեմպիոնության երկու հավակնորդներից մեկը չի կարողանում չեմպիոնին վայել խաղ ցուցադրել ու ամեն խաղում «տառապում» է:
22-ական միավորով երրորդ ու չորրորդ հորիզոնականներում են «Լոռին» ու « Ալաշկերտը»: Երկու թիմերն էլ իրենց խաղով ապացուցում են, որ արժանի են վեցյակում տեղ զբաղեցնելուն:

Այս պահին 6-րդը «Նոան» է՝ 17 միավորով: Աստիճանաբար խաղային ձեռագիր ձեռք բերած թիմը ոչ մի ակումբի համար նվեր չէ:
Առաջնության մեկնարկից առաջ շատերի խորին համոզմամբ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը՝ «Փյունիկը» ,13 միավորով միայն 7-րդն է: Անկասկած, այս արդյունը ձախողումից վատ է Արթուր Սողոմոնյանի ակումբի համար: Առավել ևս, որ թիմը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից՝ պարտվելով «Ուրարտուին»: Ուժեղ կազմ ունեցող փոխչեմպիոնը առաջիկա 6 տուրում պետք է ամեն ինչ անի վեր բարձրանալու համար:

Ընթացիկ առաջնության մյուս ձախողակներից մեկը՝ բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» է: Չնայած նրան, որ թիմը այս պահին բարելավել է խաղը, այնուամենայնիվ առաջնության սկզբի ձախողումը շատ թանկ կարող է արժանանալ Ջևան Չելոյանցի ակումբի համար:
Ինչ-որ տեղ անարդար՝ 9-րդ հորիզոնականում է «Գանձասար-Կապանը»: Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ կապանյան թիմը մեծ աճ է գրանցել, սակայն խաղերի մեծամասնությունում թիմը բախվում է անհաջողությունների՝ չնայած ցուցադրած դիտարժան ֆուտբոլին:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Երևանը»: Առաջնության նորեկը եկավ բոլորին զարմացնելու, բայց ոչ թե ցուցադրած խաղով, այլ նրանով, թե ինչպես է հնարավոր 12 խաղ անընդմեջ պարտվել: