Հուլիսի 2-ին մի շարք երկրներում նշվում է աշխարհի ամենահետաքրքիր ու էմոցիոնալ մասնագիտություններից մեկի՝ մարզական լրագրության ու մարզական լրագրողի օրը:
«Ոչ մի տեղ չկա այնքան էմոցիա, որքան՝ սպորտում: Թե՛ հաղթանակների և թե՛ պարտությունների ժամանակ ապրում ես այդ ամենով, իսկ մարդիկ էմոցիաներով են ապրում». մարզական լրագրող, Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Շուշանիկ Հակոբյանի հետ խոսել ենք մարզական լրագրության առանձնահատկությունների, դժվարությունների ու կարիերայի ամենահիշարժան դրվագների մասին.
— Ի՞նչ է քեզ տվել մարզական լրագրությունը ու ինչո՞ւ դառնալ մարզական լրագրող:
-Անկեղծ ասաց՝ անգամ մեկ պարբերության մեջ դժվար կլինի տեղավորել, թե ինչ է տվել մարզական լրագրությունը ինձ: Կասեմ, որ դարձրել է ավելի լավ մարդ, և ընդհանրապես սպորտի շրջապատում ապրելը սովորեցրել է՝ ինչպես հաղթել ու ճիշտ ընդունել պարտություններդ, և դա շատ է օգնում կյանքում:
Պետք է ընտրել մարզական լրագրությունը, քանի որ սա իսկապես աշխարհի լավագույն մասնագիտություններից է: Ոչ մի տեղ չկա այնքան էմոցիա, որքան՝ սպորտում: Թե՛ հաղթանակների և թե՛ պարտությունների ժամանակ ապրում ես այդ ամենով, իսկ մարդիկ էմոցիաներով են ապրում: Մեր մասնագիտության մեջ միշտ կա էմոցիա, միշտ կա սրտի թրթիռ:

— Աշխատանքային կարիերայիդ ամենահիշարժան դրվագը, իրադարձությունը և ինչո՞ւ:
-Ինձ բախտ է վիճակվել ներկա գտնվել տասնյակից ավելի միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Օլիմպիական խաղերի, բայց կառանձնացնեմ 2016 թվականի մայիսին շվեյցարական Բեռն քաղաքում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, երբ մի օրում 4 մեդալ նվաճեցինք, Հարություն Մերդինյանը դարձավ ոսկե մեդալակիր ու ես հիշում եմ, թե ինչպես չէի հասցնում աստիճաններով բարձրանալ վերև, մի լուրը գրել ուղարկել, լուսանկարները ուղարկել, ու հետո իջնել ներքև, հետևել մյուս ելույթին ու հաջորդ լուրը գրել: Սրբում էի ուրախության արցունքներս ու աստիճաններով բարձրանալիս՝ ոտքս մտավ լուսանկարչական ապարատի կախված լարի մեջ ու հիշում եմ՝ շատ ուժեղ ընկա, բայց անգամ դա չխանգարեց, որ այդ օրը դառնա կյանքիս ամենահիշարժան ու երջանիկ օրերից մեկը:

— Մարզական լրագրողի աշխատանքի դժվարությունները, որոնք հատուկ են միայն այս մասնագիտությանը:
-Ամենադժվարն էմոցիաները զսպելն է … երբ օրինակ Ռիոյի Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանի եզրափակչում ակնհայտ մրցավարական կողմնակալություն կար, և դու ոչինչ չես կարող անել: Միայն պետք է կատարես մասնագիտական պարտականություններդ՝ առանց էմոցիաներդ ցույց տալու, բղավելու, վրդովվելու: Իհարկե դա չի ստացվում, քանի որ ես ու գործընկերս՝ Գոհար Նալբանդյանը Mediamax-ից, շատ մոտ էինք գորգին, ամեն ինչ պարզ տեսնում էինք ու չէինք կարողանում մեզ զսպել, բղավում էինք: Էմոցիաների առումով իսկապես չես կարողանում քեզ զսպել, երբ հարցը հատկապես հայ մարզիկներին է վերաբերում:
Երկրորդ դժվարությունը բնորոշ է աղջիկ լրագրողներին: Սկզբում քեզ մի փոքր թերահավատ են վերաբերվում, մտածում են՝ դու աղջիկ ես, ինչ գործ ունես սպորտում, բայց արի ու տես՝ մենք ապացուցում ենք, որ մենք լավագույնն ենք այս գործում ևս:
— Ի՞նչ կմաղթես գործընկերներիդ ու ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր նոր են սկսում այս ճանապարհը:
-Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր գործընկերներիս՝ մեր մասնագիտական տոնի առթիվ: Մենք ունենք աշխարհի ամենալավ մասնագիտությունը, մեզ համբերություն, մեր մարզիկներին էլ համբերություն ու առողջություն, շատ մեդալներ, որ մենք էլ մեծ հպարտությամբ ու ուրախությամբ լուսաբանենք նրանց հաղթանակները:
Նարե Հովհաննիսյան