Համավարակի ընթացքում տեսազանգերը միլիոնավոր մարդկանց կյանքի կարևորագույն մասն են դարձել: Աշխատանքային կոնֆերանսներ, կապ հարազատների հետ, տարատեսակ համերգներ և շոուներ: Հիմա արդեն տեխնոլոգիաներն օգտագործվել են ֆուտբոլում:
Մայիսի 28-ին վերսկսվել է Դանիայի առաջնությունը: Փետրվարի վերջից երկրում խաղերն անցկացվում են առանց հանդիսականների, իսկ մարտի 9-ին առաջնությունն առհասարակ դադարեցվեց: Հիմա այն վերսկսվել է (իհարկե, առանց հանդիսականների) և բացվել է «Օրհուս»-«Ռաններս» խաղով:
Խաղի հանդեպ հետաքրքրությունն ահռելի էր՝ շնորհիվ «Օրհուսի» հետաքրքիր գաղափարի. ակումբը տնային մարզադաշտում հսկայական էկրան էր տեղադրել, որն անվանել են աշխարհի առաջին վիրտուալ տրիբունա: Երկրպագուները տեսազանգով հետևել են հանդիպմանը, իսկ ֆուտբոլիստները տեսել են, թե ինչպես են իրենց համար անհանգստանում: Նույնիսկ առանձին սեկտոր է ստեղծվել «Ռաններսի» երկրպագուների համար: Ահա, թե այն ինչ տեսք է ունեցել.
«Մենք փորձել ենք վերստեղծել խաղի մթնոլորտը, որ ֆուտբոլիստները կարողանան զգալ այն երկրպագուների աջակցությունը, ովքեր չեն կարողանում հաճախել խաղին: Ֆուտբոլիստները լսում են երկրպագուներին ու տեսնում են նրանց հենց իրենց կողքին»,- ասել է նախագծի գլխավոր կոորդինատոր Սորեն Կարլսենը:
Սրան գումարած՝ տրիբունաներում փակցվել են նաև երկրպագուների թղթե պատկերները:
40×2,8 մետր չափսեր ունեցող վիրտուալ տրիբունան կազմված է եղել հսկայական էկրաններից, որոնք միաժամանակ հեռարձակել են 200 երկրպագուների պատկերներ: Էկրանները տեղակայված են եղել 22 սեկտորներում, իսկ հեռարձակման գները տատանվել են՝ կախված տեղից: Այնպես, ինչպես հանդիսականներով խաղի ժամանակ:
Ի դեպ, մարզադաշտում լսվել են նաև երկրպագուների ձայները: Ոչ հարիր արտահայտությունների կամ վիրավորանքների դեպքում երկրպագուների կապն անջատվել է մոդերատորների կողմից: Այս ամենին մի քանի թվային ստյուարդ է հետևել:



Դանիական մեկ այլ ակումբ՝ «Միդտյուլանն» այլ գաղափար ունի: Այստեղ իսկական ավտոկինոթատրոն են տեղադրում: Մարզադաշտի կայանատեղիում տեղակայվում են հսկայական էկրաններ: Կայանատեղի թույլատրվում է մինչև 200 մեքենայի մուտքը: Այսպես, երկրպագուները կկարողանան պայմանականորեն միասին ֆուտբոլ դիտել:
Danish club FC Midtjylland have come up with a genius way to let their fans watch their behind-closed doors games.
— BBC Sport (@BBCSport) April 19, 2020
They’ve created a football drive-in!
Full story: https://t.co/kx6dpYNzhX#bbcfootball pic.twitter.com/fthM44XLXP
Ի դեպ, «Միդտյուլանը» Գինեսի ռեկորդների Գրքում հայտնվելու հայտ է ներկայացրել: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա արենան կդառնա ֆուտբոլի պատմության ամենամեծ ավտոկինոթատրոնը: Օրհուսում ևս ավտոկինոթատրոն են նախապատրաստում, բայց ոչ մարզադաշտի մոտ:
Ի դեպ, մինչև դանիական ակումբները պատրաստվում էին առաջնության վերսկսմանը, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել «Կոպենհագենի» և «Օդենսեի» միջև ընկերական խաղի ժամանակ: «Օդենսեն» 1-2 հաշվով պարտվելիս է եղել, երբ ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել խաղը:
Այդ ժամանակ մարզիչն արդեն կատարած է եղել բոլոր փոխարինումները և ստիպված է եղել դաշտ դուրս բերել իր 40-ամյա օգնական Հենրիկ Հանսենին, որը 2015 թվականին ավարտել է կարիերան:
Ահա, թե նա ինչ է արել.
En Dinamarca, el Odense visitó al FC Copenhague en un amistoso, mientras se espera por la reanudación de la Liga. Perdía 2-0, pero alcanzó el empate con un golazo. ¿Quién lo hizo? Henrik Hansen, ¡el ayudante de campo! Tiene 41 años, faltaban jugadores y tuvo que entrar… pic.twitter.com/5JTO9DpXOE
— SportsCenter (@SC_ESPN) May 23, 2020
Խաղն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ «Օդենսեն» Հանսենի ստորագրությամբ մարզաշապիկը տրամադրել է բարեգործական աճուրդին: