Շվեդիայում կասկածում են Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) խաղացողներին պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Շվեդիայի սպորտում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Ֆրեդրիկ Գարդարեին։
Գարդարեի խոսքով՝ 2021 թվականին Շվեդիայում փակվել է թաքնված խաղատուն, որի քննության ընթացքում առգրավվել են մի քանի բջջային հեռախոսներ։ Դրանցից մեկում հայտնաբերվել են ապացույցներ, որոնք վկայում են ԱՊԼ-ի խաղացողների և խաղերի արդյունքները մանիպուլյացիայի ենթարկող կազմակերպիչների միջև կապի մասին։ Խախտումները վերաբերել են ինչպես ակումբային խաղերին, այնպես էլ Ազգերի լիգայի հանդիպումներին։
Գարդարեն պնդում է, որ սխեմայում ներգրավված են եղել ԱՊԼ-ի մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր խաղադրույքներ են կատարել դեղին քարտերի, անկյունային հարվածների և այլ իրադարձությունների վրա։ Սակայն Ստոկհոլմի ոստիկանությունն ու ազգային վարչությունը չեն շարունակել հետաքննությունը, և շուտով այդ ստորաբաժանումը լուծարվել է։
«Մենք նյութերը փոխանցել ենք Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Հույս ունեմ, որ նրանք կապ են հաստատել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ, բայց ճշգրիտ տեղեկություն չունեմ։ Սա չափազանց կարևոր է Շվեդիայի և համաշխարհային ֆուտբոլի համար. անհրաժեշտ է արմատախիլ անել պայմանավորված խաղերը», — նշել է Գարդարեն։
Նա հավելել է, որ առգրավված հեռախոսում հայտնաբերված ապացույցները «ամենաակնհայտն» են եղել իր կարիերայի ընթացքում հետաքննված հարյուրավոր գործերից։ Հեռախոսը, նրա խոսքով, դեռ պահվում է Ստոկհոլմի ոստիկանության կամ ազգային ոստիկանության մոտ։



























































