Երևանի «Արարատը» նոր պայմանագրեր է կնքել թիմի չորս ֆուտբոլիստների հետ, որոնք կշարունակեն են իրենց ելույթները ակումբի կազմում նաև հաջորդ մրցաշրջանում։ Թիմում կմնան դարպասապահներ Պողոս Այվազյանը և Անդրանիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև պաշտպաններ Վոլոդյա Սամսոնյանը և Ալբերտ Խաչումյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վոլոդյա Սամսոնյանը «Արարատի» համակարգում է հայտնվել դեռևս 2016 թվականին։ ԲԿՄԱ տեղափոխվելուց առաջ և վերադառնալուց հետո նա «Արարատի» կազմում մասնակցել է 59 պաշտոնական հանդիպման։
Պողոս Այվազյանը ևս «Արարատի» դարպասը սկսել է պաշտպանել 2016 թվականից։ Նա նույնպես որոշ ժամանակահատված այլ ակումբներում հանդես գալուց հետո 2024-ի ամռանը վերադարձել էր «Արարատ»: Ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում նա անցկացրել է 31 պաշտոնական խաղ։
26-ամյա Ալբերտ Խաչումյանի համար առաջիկա մրցաշրջանը երրորդը կլինի «Արարատի» մարզաշապիկով: Նա ակումբի կազմում մասնակցել է 39 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ։
22-ամյա դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը նախորդ մրցաշրջանի վերջին վեց խաղերում վստահորեն պաշտպանում էր «Արարատի» դարպասը։