«Լաս Պալմասի» պաշտպան Զեբենսուի Ռամոս Գոնսալեսը, որը հայտնի է որպես Զեբեն, մահացել է 23 տարեկան հասակում՝ երկու շաբաթ կոմայի մեջ անցկացնելուց հետո։
Այսօր՝ հունիսի 26-ին, ակումբը հայտարարեց նրա մահվան մասին։ «Լաս Պալմասը» ցավակցություն հայտնեց նրա ընտանիքին, ընկերներին և թիմակիցներին։
«Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Զեբենի կորստով։ «Լաս Պալմասի» ողջ ընտանիքի անունից մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր ուղեկցել են նրան մարզական կարիերայի ընթացքում։ Նա ընդմիշտ կմնա մեր սրտերում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 9-ին Գրան Կանարիա կղզու Արուկաս համայնքի Էլ Պուերտիլյո շրջանում։ 23-ամյա ֆուտբոլիստը վրաերթի է ենթարկվել մեքենայի կողմից, ինչի հետևանքով ստացել է գլխի ծանր վնասվածք։ Նա տեղափոխվել էր Գրան Կանարիայի Դոկտոր Նեգրին համալսարանական հիվանդանոց և ընկել կոմայի մեջ։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ռամոսը խաղացել է «Լաս Պալմասի» երրորդ թիմում և նախորդ մրցաշրջանում նորամուտը նշել է Կանարյան կղզիների ակումբի պահեստայինների կազմում։