«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել կարևոր կառույցային փոփոխություններ։ Ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Բալիբերդինը, իսկ փոխնախագահի պարտականությունները ստանձնել է Տիգրան Մկրտչյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ալեքսեյ Բալիբերդինն ունի ավելի քան 10 տարվա փորձ ֆուտբոլում։ Նա համագործակցել է տարբեր ակումբների և ակադեմիաների հետ՝ ներգրավված լինելով մի շարք ֆուտբոլային նախագծերում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայի մի շարք երկրներում։ Բալիբերդինի նշանակումը նպատակ ունի ամրապնդել ակումբի կառավարման համակարգը և նպաստել միջազգային փորձի ներդրմանը «Ալաշկերտում»։
Ակումբի փոխնախագահի պաշտոնը ստանձնած Տիգրան Մկրտչյանը հայտնի է իր երկարամյա և արդյունավետ գործունեությամբ ֆուտբոլային ոլորտում։ Նա աշխատել է որպես ֆուտբոլային գործակալ Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և Աֆրիկայի շուկաներում։ Բացի այդ, նա հանդիսանում է ռուսական «Վիստա» ֆուտբոլային կրթական ծրագրի հիմնադիրը, որի շրջանակում աջակցել է բազմաթիվ երիտասարդ տաղանդների զարգացմանը։ Մկրտչյանի փորձն ու ռազմավարական մտածողությունը կարևոր դերակատարություն կունենան «Ալաշկերտի» կառուցման և առաջընթացի գործում։