«Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Տարաս Բուրլակը խոսել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի՝ սերբական ակումբ տեղափոխվելու մասին հայտարարվել է կիրակի՝ հունիսի 22-ին։ Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 1,7 միլիոն եվրո։
«Նաիրը հստակ ցույց տվեց, որ ցանկանում է փոխել ակումբը։ Հասկանալի է, որ «Լոկոմոտիվը», հնարավոր է, չստացավ այն գումարը, ինչ ցանկանում էր, բայց կողմերը կարողացան ընդհանուր լեզու գտնել։ Նա հավաքականում է խաղում, այստեղ եվրագավաթներ կան։ Ընդհանուր առմամբ, սա նրա համար լավ փուլ է։
«Ցրվենա Զվեզդան» կայուն կերպով հաղթում է առաջնությունում և մասնակցում եվրագավաթներին։ Թիկնիզյանը լիովին կարող է խաղալ այնտեղ, և սա կարող է դառնալ մի նոր բարձունք տանող հարթակ։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում դրա համար», — փոխանցում է Բուրլակի խոսքերը Metaratings-ը։
Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Պաշտպանը կմիանա «Ցրվենա Զվեզդային» հուլիսի 1-ին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը սերբական ակումբի հետ նախատեսված է երեք տարով։