Շոտլանդիայի կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը (16 գոլ, 9 գոլային փոխանցում)՝ Դայզեն Մաեդան, հրաշալի մրցաշրջան անցկացրեց «Սելթիկի» կազմում՝ օգնելով իր թիմին նվաճել հերթական չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև տպավորիչ հանդես գալ ՉԼ-ում (4 գոլ, 1 փոխանցում)։ Բոլոր մրցաշարերում ֆուտբոլիստը դարձել է 33 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ այս մրցաշրջանում։
Նման տպավորիչ մրցաշրջանից հետո ճապոնացի ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս ինչպես ձախ վինգերի, այնպես էլ կենտրոնական հարձակվողի ու ենթահարձակվողի դիրքում, գրավել է բազմաթիվ ակումբների ուշադրությունը՝ հիմնականում ԱՊԼ-ից։
«Սելթիկի» հարձակվողը կարող է լքել Գլազգոյի ակումբն արդեն այս ամառ՝ 25 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:
«Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» լրջորեն հետաքրքրված են ճապոնացի ֆուտբոլիստով։
Նրա տրանսֆերին հավակնում են նաև «Աստոն Վիլան», «Բրենտֆորդը», «Քրիսթալ Փելասը», «Ֆուլհեմը» և «Վեսթ Հեմը», նշում է TBR Football-ը: