«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան, ով այս մրցաշրջանում թիմին դուրս բերեց վտանգավոր գոտուց՝ գրանցելով 6 անընդմեջ հաղթանակ (առաջին անգամ 1970-ից), ասում է, որ ֆուտբոլում ճնշում չի զգում։
«Ճնշումը այն ժամանակ էր, երբ հայրս քաղցկեղ ուներ, եղբայրս մահանում էր, մայրս՝ լաց լինում։ Դրանից հետո ֆուտբոլն ուղղակի ֆուտբոլ է», – 56-ամյա պորտուգալացու խոսքն է մեջբերում The Times-ը։
Պերեյրան մեծացել է Պորտոյի մոտ գտնվող Էշպինյու ձկնորսական գյուղում՝ աղքատության մեջ։ Պատանեկության տարիներին ապրել է գետնահարկում, որտեղ ծովը ջրով էր լցնում տունը։ Այդ դժվարությունները կոփել են նրան։
Կարիերան սկսել է պատանեկան թիմերում, վերելք ապրել՝ 2010-ին դառնալով «Պորտուի» օգնական մարզիչ։ Աշխատել է Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում, Չինաստանում, Բրազիլիայում։ Պրեմիեր լիգայում հաջողությունն ուշ եկավ, բայց նա կորցրեց ընտանեկան կարևոր պահեր։
«15 տարի կինս եղել է և՛ մայր, և՛ հայր։ Ծնունդներ, դիպլոմներ՝ ոչինչ չեմ տեսել», – խոստովանում է նա։ Երեք որդիներից ոչ մեկը չի ցանկանում մարզչի կարիերա։
Նրա նշանաբանը՝ «նախ միավորները, հետո՝ գարեջուրը», մեծ սեր է վայելում երկրպագուների շրջանում, ովքեր հաճախ տոնում են հաղթանակները մարզչի հետ՝ տեղի պանդոկում։ Նա պահանջում է խելացի կառավարում և կազմի համալրում՝ «Կունյայով, թե առանց Կունյայի», որպեսզի «Վուլվզը» առաջ գնա։
«Ճիշտ տեղում լինեմ՝ հրաշքներ կգործեմ», – վստահեցնում է Պերեյրան։