Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն այսօր ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող Աշխարհի գավաթի 6-րդ փուլում:
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը:
Արթուրը մասնակցել է Աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին, և այդ փուլերի հանրագումարով նա դարձել է Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող։
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը:
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափերի վարժության եզրափակչում՝ հավաքելով 14.800 միավոր: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:
Արթուր Ավետիսյանը հավասարը չէր ունեցել օղակների վարժությունում 6-րդ փուլում: Նա եզրափակչում 14.466 միավոր էր հավաքել և դարձել ոսկե մեդալակիր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն էր զբաղեցրել: