Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայում (IWF) ճգնաժամը մոտեցել է գագաթնակետին: Կազմակերպության գործկոմը մտադիր է հարց բարձրացնել IWF-ի նախագահ Տամաշ Այանի պաշտոնանկության մասին. վերջինս 2000 թվականից է գլխավորում ֆեդերացիան և համաշխարհային սպորտում բավականին ծանրակշիռ անձնավորություն է:
Ավելի վաղ Այանը ժամանակավորապես հեռացվել էր իր պաշտոնից՝ կոռուպցիոն սխեմաների ստեղծման կասկածանքների և դոպինգային խախտումները թաքցնելու ֆոնին: Հիմա նրան մեղադրում են հեռացման որոշումը սաբոտաժի ենթարկելու և սկանդալի քննության անցկացմանը խոչընդոտելու մեջ:
Գերմանական ARD հեռուստաընկերությունը հանրայնացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ուրսուլա Պապանդրեայի՝ Տամաշ Այանին ուղղված նամակը: Նամակում Պապանդրեան Այանին հայտնում է, որ նա «այլևս չի համապատասխանում» կազմակերպության նախագահի պաշտոնին և դրա գործադիր կոմիտեի անդամին:
Insidethegames-ը այս նամակը անվստահության քվե է համարում Տամաշ Այանին և նախազգուշացում, որ գործադիր կոմիտեն պատրաստ է նախաձեռնել իր լիազորությունների դադարեցումը:
Այս փաստաթղթի ի հայտ գալը ազդակ է՝ IWF-ում ադմինիստրատիվ ճգնաժամի զարգացման: Դրա մասին հայտնի դարձավ ձմռանը: Հունվարի վերջին ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրեց Տամաշ Այանին՝ նախագահի իր պարտականությունները կատարելուց: Այանը, որն արդեն զրկվել է նաև Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվավոր անդամի կոչումից, աշխատում է 1970-ականներից, իսկ IWF-ը գլխավորում է արդեն 20 տարի:

Նրա հեռանալու պատճառը հնչեղ սկանդալն էր առանց այդ էլ խնդրառատ ֆեդերացիայում, որն առաջացավ բազմաթիվ դոպինգային միջադեպերի արդյունքում, իսկ ֆեդերացիայում առկա խնդիրների մասին փաստագրական ֆիլմ էր ներկայացրել նույն ARD հեռուստաընկերությունը: Դրա հեղինակները պնդում էին, որ տևական ժամանակ IWF-ում թաքցրել են դոպինգային և կոռուպցիոն խախտումները, որի կենտրոնական օղակը Հունգարիայի հակադոպինգային գործակալությունն էր, որն ավելի վաղ փաստացի ունեցել է ֆեդերացիայի գործընկերոջ կարգավիճակ. այն անցկացրել է թեստերի մոտ 80 %-ը: Իսկ ֆիլմի նշանակալի մասը անմիջականորեն նվիրված էր IWF-ի ղեկավարին:
Գերմանիայի Ծանրամարտի ֆեդերացիայի և եվրոպական ֆեդերացիայի ղեկավարներ Քրիստիան Բաումգարտներն ու Անտոնիո Ուրսոն, որոնք 2017 թվականին Այանի հետ մրցակցել են IWF-ի նախագահի ընտրություններում, ARD-ի հետ զրույցում հարց են բարձրացրել նրա ֆինանսների մասին: Ֆունկցիոներների խոսքով, այն միջոցների նշանակալի մասը, որը IWF-ը ստացել է ՄՕԿ-ից (միջազգային յուրաքանչյուր ֆեդերացիա իրավունք ունի որոշակի գումարներ ստանալ ՄՕԿ-ի եկամուտներից), փոխանցվել է շվեյցարական երկու բանկերի հաշվեհամարներին, որոնք հասանելի են բացառապես Տամաշ Այանին: Բաումգարտները մոտ 5,5 մլն դոլարից մինչև 8 մլն դոլարի «կորստի» մասին է բարձրաձայնել:
Ի սկզբանե, Այանը 90 օրով է հեռացվել աշխատանքից: Բայց ապրիլի վերջին նրա ժամկետը երկարացվեց մինչև հունիս: IWF-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ուրսուլա Պապանդրեան, որը մինչ այդ գլխավորում էր ԱՄՆ-ի Ծանրամարտի ֆեդերացիան: Պապանդրեան գլխավորեց նաև ֆեդերացիայի նոր ձևավորված կոմիտեն, որը զբաղվում է ARD-ի կողմից հրապարակված տեղեկությունների հետաքննությամբ՝ անկախ փորձագետների օգնությամբ գնահատելով «մեղադրանքների հավաստիությունը»:

Հետաքննության համար IWF-ն նշանակել է Ռիչարդ Մակլարենին: Հենց այս փաստաբանի անվան ու նրա զեկույցի հետ է կապված հսկայական դոպինգային ճգնաժամը, որի հետևանքներից ռուսական մարզական ճյուղը մինչև հիմա չի կարողանում ազատվել: Իսկ զեկույցը Մակլարենն արել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կարգադրությամբ 2016 թվականին:
Ընդ որում, Ուրսուլա Պապանդրեայի նամակից կարելի է հասկանալ, որ Տամաշ Այանը կոպիտ խախտումներ է թույլ տալիս իր «հեռացման պայմանների» հարցում և նույնիսկ խոչընդոտում է հետաքննությանը: Պապանդրեան նշում է, որ Այանն առաջվա պես դե-ֆակտո ղեկավարում է IWF-ի՝ Բուդապեշտում գտնվող քարտուղարությունը և մշտապես անձամբ ներկա է գրասենյակում: Ավելին, մի անգամ, «առանց Պապանդրեայի իմացության», նա ֆեդերացիայի գլխավոր քարտուղարից պահանջել է գումարային փոխանցումներ կատարել «Շվեյցարիայից՝ Բուդապեշտի հաշվին»: Ուրսուլա Պապանդրեան դժգոհում է, որ նա IWF-ի «ֆինանսական օրգաններին մուտք չունի» և որ Տամաշ Այանը մինչև հիմա մասնակցում է ՄՕԿ-ի կազմակերպած հեռախոսային կոնֆերանսներին՝ չնայած ֆորմալ կերպով իրավունք չունի դա անել:
Պապանդրեան նաև ակնարկել է, որ Այանը, որը դեռ վերահսկում է «բոլոր կոմերցիոն հաշիվները», խոչընդոտում է ֆեդերացիայի արդյունավետ աուդիտին: Նա բերում է այն օրինակը, երբ Այանը միտումնավոր ստել է իրեն աուդիտորների հետ հերթական հանդիպման ժամի վերաբերյալ, որպեսզի ժամանակավոր նախագահը չկարողանա դրան ներկա գտնվել: Բացի դա, Պապանդրեան հայտնել է, որ Տամաշ Այանը, թեկուզ «ոչ բացահայտ», իրեն՝ քարտուղարություն հերթական այցի ժամանակ, «սպառնացել է ձերբակալմամբ»: Ընդ որում, անձամբ Պապանդրեան նույնպես սպառնում է Այանին նրանով, որ գործկոմի առաջիկա նիստի ընթացքում կքվեարկի նրան մշտական հիմունքներով պարտականությունների կատարումից ազատելու օգտին:
Նման որոշումը պետք է ամրագրված լինի IWF-ի՝ հաջորդ տարվա կոնգրեսում:

Ուրսուլա Պապանդրեան հրաժարվել է մեկնաբանել «կոնֆիդենցիալ» նամակի բովանդակությունը: Ընդ որում, նա հայտարարել էր, որ ֆեդերացիայի «ղեկավարման բարելավման» հարցում «գործունեության իրականացման համար խոչընդոտներ բացահայտելիս» գործկոմը «իրավասու է քայլեր ձեռնարկել»:
IWF-ում տիրող իրավիճակը հիշեցնում է այն, ինչ տեղի է ունենում մեկ այլ խոշոր մարզական միջազգային ֆեդերացիայում՝ սիրողական բռնցքամարտում (AIBA): 2017 թվականին AIBA-ի գործկոմը ևս անսվտահության քվե էր հայտնել AIBA նախագահ Ու Ցզինգոյին, որը կասկածվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ: Ահռելի խնդիրներ ի վերջո ունեցավ ոչ միայն ինքը, այլև՝ AIBA-ն: ՄՕԿ-ը որակազրկեց կառույցին՝ թույլ չտալով բռնցքամարտի մրցաշար կազմակերպել Տոկիոյի Օլիմպիական խաղերում: AIBA-ն մինչև հիմա փորձում է հասնել իր կարգավիճակի վերակագնման։