«Բարսելոնայի» իսպանացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոն Լա Լիգայի 16-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (2:2) կորցրել է առջևի ատամը՝ մրցակցի կիսապաշտպան Սերխի Ալտմիրայի հետ բախումի արդյունքում, հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունիս Ռուիսը նույնիսկ ընդհատել է խաղը, մինչ Օլմոն խաղադաշտում փնտրում էր իր ատամը: Գտնելուց հետո իսպանացին այն հիասթափված դեն է նետել:
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: