«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը հարցազրույց է տվել ArmSport-ին՝ չկասկածելով անգամ, որ պատասխանում է իր կնոջ՝ Կարինե Վահրադյանի հարցերին։
Կարինեին նախապես խնդրել էինք Ծիծաղի միջազգային օրվա առթիվ հարցաշար պատրաստել ամուսնու համար։
-Ինչպե՞ս եք անցկացնում կյանքը կարանտինում։
-Ընտանիքիս, երեխաներիս հետ շատ եմ շփվում։ Այս վիրուսի դրական կողմերից մեկը հենց դա է, եթե կարելի է այդպես ասել։

-Իսկ վախենո՞ւմ եք կորոնավիրուսից։
-Ուզում եմ չվախենալ, բայց այսօր ամբողջ աշխարհում իրավիճակը լուրջ է։
-Այս օրերին ինտերնետը շատ է օգնում․ պատկերացնո՞ւմ եք Ձեր կյանքն առանց դրա։
-Իրոք, չեմ պատկերացնում։ Շատ դժվար կլիներ առանց ինտերնետի։

-Այս ընթացքում, երբ ավելի շատ ընտանիքի հետ եք ժամանակ անցկացնում ու, երևի թե, կարոտում եք ֆուտբոլը, այս հարցն ավելի տեղին է թվում․ եթե ընտրության առջև կանգնած լինեք, կընտրեք ֆուտբո՞լը, թե՞ ընտանիքը։
-Կարոտել եմ ֆուտբոլը, բայց եթե իրոք ընտրեմ, դա կլինի ընտանիքը, բնականաբար։
-Այս ընթացքում մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կուզեիք փոխել Ձեր կարիերայում։
-Պատկերացրեք՝ ոչ։ Կգա ժամանակը, կզբաղվենք մեր սիրած գործով․ դժվար է պատկերացնել կյանքն առանց ֆուտբոլի։
-Իսկ ո՞րն է եղել Ձեր մանկության երազանքը։
-Իմ երազանքը կապված է եղել ֆուտբոլի հետ։ Միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ լինել։
-Իսկ ինչո՞ւ եք հենց դարպասապահ դարձել։
-Որովհետև սիրել եմ։ Իմ կիրքն է։

-Իսկ հավատո՞ւմ եք առաջին հայացքից սիրուն։
-Ո՛չ։ Հրապուրանք կարելի է ասել։
-Եթե բարի փերիին հանդիպեիք, ի՞նչ կխնդրեիք նրանից։
-Միանշանակ, աշխարհին խաղաղություն, առողջություն, սեր։

-Ձմեռ պապիկին հավատո՞ւմ եք։
-Արդեն ոչ (ծիծաղում է՝ խմբ․)։
-Եթե թագավոր լինեիք, ի՞նչ օրենքներ կսահմանեիք։
-Լո՞ւրջ (ծիծաղում է՝ խմբ․)։
-Այո՛։
-Չեմ պատկերացնում։
Տեղեկանալով, որ սա ապրիլմեկյան հարցազրույց-կատակ էր, Կասպարովը զարմացավ։ Փորձելով գուշակել հարցերի հեղինակին՝ նա միանգամից նշեց Արթուր Եդիգարյանի անունը։
Ստելլա Բաբլոյան