Տոկիո-2020-ը պաշտոնապես հետաձգվել է: Այնուամենայնիվ, Տոկիոյի նահանգապետը հայտնել է, որ ՕԽ-ի անվանումը չի փոխվի: Ամեն դեպքում, խաղերը հետաձգվել են և պետք է համակերպվել այդ մտքի հետ: Հայաստանն այս պահի դրությամբ ունի 4 ուղեգիր: Ուղեգրերից մեկի տիրակալը սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է:
Armsport-ը զրուցել է Արթուրի հետ՝ հասկանալու համար, թե անձամբ մարզիկն ինչպես է ընդունել ՕԽ-ը հետաձգելու որոշումը, ինչ բացասական ու դրական կետեր կան Խաղերի հետաձգումից:
Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշման մասին.
«Սպասելի որոշում էր, քանի որ Կանադան, Ավստրալիան ու Նորվեգիան հրաժարվել էին մասնակցությունից: Օլիմպիական խաղերը պետք է կայանան լիարժեք կազմով: Բացի դրանից, մարզիկները չեն մարզվում, հնարավորություն չունեն պատրաստվելու այս պահին, ու ոչ ոք չի կարող ասել, թե այս վիճակը որքան կարող է շարունակվել: Կա նաև այն փաստը, որ ոչ բոլոր ուղեգրերն են բաշխված ու դեռ վարկանիշային մրցաշարեր կան, որ պետք է կայանան:
Եթե Օլիմպիական խաղերը չհետաձգվեին, ես առանց մարզվելու չէի մասնակցի, քանի որ վնասվածք կստանայի:

Բացասական ու դրական կողմերի մասին.
«Կարելի է ասել, որ բացասական կետ չկա: Ուղղակի քանի դեռ չէին հետաձգվել Խաղերը, այն մարզիկները, որոնք պայքարում էին ուղեգրերի համար, վատ դրության մեջ էին: Նրանք չէին պատկերացնում, թե երբ ու ինչպես պետք է խաղարկվեն ուղեգրերը: Գումարած այս ամենին՝ նրանք չէին մարզվում համաճարակի պատճառով:
Հետաձգման դրական կողմերից մեկն այն է, որ եթե Խաղերին ինչ-որ մեկը վարակված գար ու համաճարակ սկսվեր, խաղերը պետք է կանգնեցնեին, ինչպես վերջերս եղավ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի ժամանակ: Այնպես որ ապահովության տեսանկյունից ամենաճիշտ որոշումը կայացվեց»:
Ունեցած վնասվածքի մասին.
«Վնասվածք ունեմ այս պահին: Երկար ժամանակ է, ինչ բուժվում եմ, կշարունակեմ ապաքինվել վնասվածքից, ու քանի որ խաղերն էլ հետաձգվեցին, ապաքինվելուց հետո կարող եմ որոշ ժամանակ չմարզվել ու ամբողջովին ապաքինվել վնասվածքից: Հուսով եմ, որ վնասվածքը չի կրկնվի, բայց սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է»:

Առաջիկա մրցաշարերի մասին.
«Պետք է մասնակցեինք Քաթարի ու Կիևի մրցաշարերին, բայց հետաձգվել են: Մայիսին ու հունիսին ևս կային նախատեսված մրցաշարեր, բայց դրանք ևս հետաձգվել են»:
Դավթյանը պատասխանեց նաև այն հարցին, թե խաղերի՝ մեկ տարով հետաձգումը կարող է որոշ մրցակիցների՝ կարիերան ավարտելու պատճառ դառնալ.
«Չեմ կարծում, քանի որ Օլիմպիական խաղերը տեղի են ունենում 4 տարին մեկ ու ցանկացած մարզիկի երազանքը ՕԽ-ին մասնակցելն է: Նույնիսկ, եթե մարզիկը կայացրել է ՕԽ-ից հետո կարիերան ավարտելու որոշում, ապա կարծում եմ, որ կսպասի մեկ տարի, խաղերին կմասնակցի, հետո նոր կավարտի կարիերան»:
Արմեն Գարամյան