Վաղը հայ երկրպագուների համար դժվար կլինի, եթե չասենք՝ անհնար՝ «սպորտը քաղաքականությունից դուրս է» կարգախոսը առաջ մղել և Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային դիմակայությանը հետևել զուտ որպես ֆուտբոլային խաղ և սպորտային իրադարձություն։ Քաղաքականությունը վաղուց է մխրճվել սպորտ, բայց սա վաղվա ֆուտբոլային հանդիպմանը սպասվող մեր ապրումների հետ կապ չունի՝ դրանք ավելի խորը արմատներ ունեն և բոլորովին այլ հարթությունում են։
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։ Դրանից 3 օր անց մեր ընտրանին Երևանում կընդունի Խորվաթիայի թիմին։ Բայց այս խաղը առայժմ թողնենք մի կողմ։ Առաջին հանդիպումը լինելու է Թուրքիայի հետ, և փորձենք մեր հակասական ապրումները մի կողմ դնել ու վերլուծել մեր սպասելիքներն ու շանսերը առաջիկա խաղից։
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։ 3 օր անց մեր ընտրանին Երևանում կընդունի Խորվաթիայի թիմին։ Բայց այս խաղը թողնենք մի կողմ։ Առաջին հանդիպումը լինելու է Թուրքիայի հետ։ Armsport-ն անդրադարձել է սպասվող խաղին։
Ի՞նչ սպասել այս խաղից
Պետք է հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում և ի՞նչ կարող ենք ստանալ ու վերցնել։ Բնականաբար, ուզում ենք «ջախջախել» մրցակցին իր հարկի տակ և 3 միավոր վաստակել։ Կարող ենք ստանալ մի իրավիճակ, որտեղ ֆուտբոլային բախտը կօգնի մեզ։ Իսկ կարող ենք վերցնել հնարավոր դրական արդյունքը՝ ոչ-ոքին։
Այն, որ Թուրքիայի հավաքականը կարգով ավելի բարձր է, դրանում դժվար թե վիճի մեր նույնիսկ ամենահայրենասեր երկրպագուն։ Բայց, եթե ֆուտբոլում միշտ հաղթեին ֆավորիտները, ապա այս խաղը կլիներ մի հոգով նարդի խաղալու նման․ այսինքն՝ դիմադրություն չէր լինի։
Լիրիկան մի կողմ թողնելով պետք է փաստելեթե Թուրքիան Հայաստանում հաղթել է, այն դեպքում, երբ մեր ֆուտբոլիստներն իսկապես առավելագույն ուժերով էին խաղում, ապա սեփական հարկի տակ, բացահայտ ֆավորիտ է համարվում։ Այդուհանդերձ, կրկնում եմ՝ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Բացի այդ, առաջին խաղից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներից դժգոհում էին միայն «էդ ֆուտբոլն ինչ ա է, 22 տղամարդ վազում ա մի գնդակի հետևից» ասողները։ Մեր ցավն էլ հենց դա է, որ վերջին 10-15 տարում պարբերաբար եղել են իրավիճակներ, երբ հավաքականի կազմը մեծ պոտենցիալ է ունեցել, բայց ամեն անգամ ինչ-որ բան չի հերիքել։
Ի՞նչ սպասել Պետրակովից
Ուկրաինացի այս մասնագետին պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում պատերազմ, թշնամություն բառերը, բայց արդյո՞ք հավաքականի մարզիչը միայն այդ գործոններով պետք շարժվի այսպիսի իրավիճակում։ Իհարկե, ոչ։ Նա առաջին հերթին մարզիչ է, որը պետք է ճիշտ կառուցի իր թիմի խաղը՝ նույնիսկ ամենադժվար ու առանձնահատուկ մրցակիցների հետ խաղերում։
Պետրակովը շատ լավ գիտակցում է, որ հայ հասարակության մի զանգվածի համար կարևոր է հենց ա՛յս խաղը։ Նրան հենց այս խաղի արդյունքով գնահատական կտան։ Բայց արդյոք Պետրակովին դա հուզո՞ւմ է։ Չէ որ Եվրո-2024-ի եզրափակիչ ուղեգիր նվաճելու դեպքում՝ նույնիսկ 2 խաղում Թուրքիային չհաղթած Պետրակովը հավերժ մտնելու է հայկական ֆուտբոլի պատմության մեջ։
Ի՞նչ սպասել ֆուտբոլիստներից
Ինձ թվում է, որ անիմաստ է ասել՝ ցանկություն, նվիրում տերմինները, քանի որ վերջապես պետք է հասկանանք, որ ազգային հավաքականում խաղալու համար դրանք առաջնային դերում են, և նորմալ է, որ այդպես լինի։
Պետք չէ ամեն խաղից՝ հատկապես պարտված խաղից հետո ասել․ կարևորը տղաները կռվեցին։ Հասկանալի է, որ նախկինում որոշակի դեպքեր ու իրավիճակներ են եղել, բայց խնդիրն էլ հենց դա է, որ պետք է ազատվել անցյալի տհաճ հիշողություններից և կենտրոնանալ ներկայի ու ապագայի վրա։
Ի՞նչ իրավիճակ է խմբում
Թուրքիայի հավաքականը 4 խաղից հետո ունի 9 միավոր և առաջին տեղում է։
Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 6 միավոր և 2-րդ տեղում է։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի հավաքականները խփել են 7-ական և բաց թողել 2-ական գոլ։
Խորվաթիայի հավաքականը 2 խաղից հետո ունի 4 միավոր և 3-րդ տեղում է։
Ուելսի հավաքականը 4 խաղից հետո 4 միավոր է վաստակել։
Լատվիան միավոր չունի և վերջին տեղում է։
Թուրքիան առաջիկա մեկ շաբաթում միայն մեկ խաղ է անցկացնելու՝ Հայաստանի հետ։
Հայաստանի հավաքականը խաղալու է Թուրքիայի և Խորվաթիայի հետ։ Խորվաթներն էլ մրցելու են նախ՝ Լատվիայի, իսկ հետո Հայաստանի հավաքականի հետ։
Ինչպես հասկանում եք՝ գրաֆիկից ելնելով խմբում աղյուսակը նույնիսկ այս խաղերից հետո ամբողջական պատկեր ցույց չի տալու։ Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Լատվիային։ Նոյեմբերին մեր ընտրանին ընդունելու է Ուելսին, իսկ ընտրական փուլը եզրափակելու է Խորվաթիայի հետ արտագնա խաղով։
Ցանկացած հաշվարկ տանում է նրան, որ առաջիկա երկու հանդիպումները կարող են ինչպես դրական հույսեր տալ, այնպես էլ փչացնել մեր տրամադրությունը։ Այդ պատճառով էլ պետք է կենտրոնանալ ամեն հաջորդ խաղի վրա։
Խաղի մասին
Ինձ թվում է, որ տնային խաղում Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստների վրա ավելի մեծ ճնշում է լինելու։ Դրանից կարելի է և պետք է օգտվել։
Հայաստանում կայացած խաղը ցույց տվեց, որ մրցակիցը ևս իդեալական չէ։ Այնուամենայնիվ, այսպիսի հանդիպումներում մակարդակով զիջող թիմը կարող է կարգապահության և սառնասրտության հաշվին չեզոքացնել մրցակցի ուժը։
Դժվար է ասել, թե հոգեբանական ինչ վիճակում կլինեն ֆուտբոլիստները խաղադաշտում։ Համակարգչի մոտ, հեռուստացույցի առաջ կամ սմարթֆոնը ձեռքին գրել/ասել «դե՛, վազեք, հարվածեք, նահանջեք»՝ շատ հեշտ է։
Հոգեբանական առումով ֆուտբոլիստների համար շատ դժվար է լինելու։ Գրեթե բոլոր դիրքերում ունենք 20-22 տարեկան երիտասարդներ, որոնք անհասկանալի է, թե ինչպես կարձագանքեն այսպիսի պատասխանատու իրավիճակներում։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, երիտասարդների համար անհամեմատ ավելի հեշտ է լինելու։ Նրանք, կարելի է ասել՝ չեն վախենում սխալվելուց, ձախողվելուց, ինչն էլ նրանց կարող է ուժ տալ։ Բացի այդ, ցանկացած երիտասարդի համար սա շանս է՝ հատկապես Թուրքիայի ու Խորվաթիայի հետ խաղերում։
Ի՞նչ շանսեր ունենք
Շատ բան կախված է հենց Հայաստանի հավաքականի՝ հանդիպումն սկսելու մարտավարությունից։ Կա՛մ պարզապես սպասելու ենք մրցակցի սխալին, կամ հենց առաջին րոպեից կենտրոնացած ենք լինելու հակագրոհների վրա։
Եթե նույնիսկ Թուրքիայի հավաքականը զիջի գնդակը, չեմ կարծում, որ արտագնա խաղում ոչ հյուրընկալ երկրպագուների առաջ հնարավոր կլինի վերահսկել գնդակը։ Այսպիսի իրավիճակներում առավել կարևոր է սխալներ թույլ չտալը։ Մրցակցի գրոհները կասեցնելն անհնար չէ, բայց երբ ինքդ ես կոպիտ սխալ թույլ տալիս ու նվեր անում հակառակորդին, գրեթե ոչ մեկ չի հրաժարվում դրանից։
Կազմի մասին
Քանի դեռ չի կայացել Պետրակովի ասուլիսը, մի փոքր դժվար է կռահել, թե ինչ կազմ կարելի է սպասել։
Բոլոր դիրքերում Պետրակովն ընտրության հնարավորություն ունի։ Եթե հաշվի առնենք, որ խաղալու ենք 5 պաշտպանով, ապա մնում են 5 ֆուտբոլիստներ։ Նրանցից նվազագույնը 3-ը լինելու են Սպերցյանը, Իվուն և Սելարայանը։ Նորբերտո Բրիասկոյի ֆիզիկական վիճակը դեռ հայտնի չէ, բայց կա Ռանոսը, որը կլինի մեկնարկային կազմում։ Ադամյանը, Դաշյանը․․․
Ցավոք վնասվածքներից խուսափել չհաջողվեց։ Առաջիկա հանդիպումները բաց կթողնի Տիգրան Բարսեղյանը։
Վերջին տարիների համեմատ Պետրակովը Հայաստանի հավաքականի մարզիչներից ամենաբախտավորն է։ Կա ընտրության հնարավորություն։ Չեմ զարմանա, եթե Պետրակովը թեկուզ 2-րդ կեսում՝ կախված հաշվից, անցնի 4 պաշտպանով խաղին ու հագեցնի դաշտի կենտրոնը։
Մեր կազմի մասին անվերջ կարելի է խոսել՝ հատկապես խաղերից առաջ։ Բայց քանի դեռ պարզ չէ, թե ինչ վիճակով են հավաքականին միացել ֆուտբոլիստները, դժվար է գուշակել մեկնարկային կազմը։
Վերջաբանի փոխարեն
Նպատակը Եվրո-2024 դուրս գալն է։ Քանի դեռ դա տեսականորեն հնարավոր է, ապա պետք է պայքարել։
Լինես թույլ, թե ուժեղ, միևնույնն է, մրցակցային իրավիճակներում պետք է պայքարել ինչ-որ բան ստանալու, այլ ոչ թե միայն մասնակցության համար։ Առաջին 3 խաղերից հետո 6 միավորը լավ արդյունք է։ Պետք է շարունակել։
Միհրան Ալեքսանյան