Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը, որը տեղափոխվել է Ղրղզստանի Կանտ քաղաքը ներկայացնող «Աբդիշ-Ատա» ակումբ, առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում:
Ֆուտբոլիստը Թուրքիայի հավաքի շրջանակում մասնակցել է վրացական «Զուգդիդի» թիմի հետ խաղին ու աչքի ընկել խփած գնդակով: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հիշեցնենք` Ղրղզստանի նախորդ առաջնությունում «Աբդիշ-Ատան» 8 թիմերի միջև պայքարում 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Մրցաշրջան-2019-ի չեմպիոն է հռչակվել «Դորդոյ Բիշքեքը»:
«Աբդիշ-Ատան» արդեն ավարտել է Թուրքիայի ուսումնամարզական հավաքն ու վերադարձել Կանտ և արդեն այնտեղ կնախապատրաստվի նոր մրցաշրջանին, որը կմեկնարկի մարտի կեսերին:
