Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:
Շնորհավորելով մանկավարժներին՝ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Դուք մի առանձնահատկություն ունեք՝ աշխատում եք ապագա մարզիկների հետ՝ քաջ գիտակցելով, թե որքան կարևոր է ունենալ կիրթ մարզիկ։ Այսօր ամեն ինչ ձեռքբերովի է՝ բացի ուղեղի աշխատանքից։ Մարզիկները սկզբում հաղթում են ուղեղով, ապա այլ հատկանիշներով, և նրանց հաղթանակում դուք մեծ ներդրում ունեք»:
ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը ևս շնորհավորել է ուսուցիչներին և կարևորել նրանց դերը քոլեջի կայացման ու զարգացման գործում:
Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջայց է կատարել քոլեջի նորակառույց հանրակացարանային համալիրում և թանգարանում: