«Ուրարտուի» նախկին պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին Football Plus-ի հետ զրույցում ասել է վանաձորյան ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը.
«Համաձայնության ենք եկել: Հպարտանում եմ «Լոռիով», քանի որ տնօրենը Ձեր ներկայությամբ ասաց, որ հայկական որոշ ակումբներ բարձր աշխատավարձի առաջարկ են արել նրան, բայց Վահագնը նախընտրել է, թե թիմն ինչ նպատակներ է հետապնդում և ինչ գաղափարներ է դավանում»,- ասել է Թովմաս Գրիգորյանը:
«Լոռին» ԲԽ-ի աշնանային հատվածից հետո գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը` 15 խաղից հետո վաստակելով 28 միավոր:
Հիշեցնենք` Այվազյանը նախորդ տարվա սեպտեմբերին տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմ:
27-ամյա ֆուտբոլիստը 2013 թվականից հանդես է եկել «Ուրարտու» ակումբում, որի կազմում մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ։