Ադրբեջանի հավաքականի և «Տոբոլի» դարպասապահ Էմիլ Բալաևը հեռացել է ղազախական ակումբից: Ֆուտբոլիստի հայրը պատմել է, թե ինչ զրույց են ունեցել իր որդին ու «Տոբոլի» հայազգի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը Դուբայում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում.
«Դուբայում Բաբայանը մոտեցել է Էմիլին ու ասել է. «Դու ինձ համար հիմնական դարպասապահն ես, ու ես ցանկանում եմ, որ դու խաղաս այստեղ»:

Բաբայանն Էմիլին իր մասին է պատմել, ասել է, որ իր պապին Ղազախստան են աքսորել 1937 թվականին, և նա ծնվել է Ղազախստանում, տեղի մտածողության կրողն է ու կապ չունի Հայաստանի հետ: Էմիլն ասել է. «Դեռ ոչինչ չեմ կարող ասել, տեսնենք»:
Բարեբախտաբար, Էմիլը հեռացավ «Տոբոլից»: Նա այսօր ազատ խաղացողի կարգավիճակ ունի: Եթե Էմիլին նույնիսկ 1 մլն տային, նա չէր մնա, քանի որ մենք պատիվ ունենք: Էմիլը հրաժարվեց ամսական մոտ 20 հազար դոլար աշխատավարձից: Դուք դա կարո՞ղ եք պատկերացնել»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստի հայրը:

Ղազախական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն, Բալաևը «Տոբոլում» տարեկան 200 հազար դոլար է վաստակել:
Հիշեցնենք՝ Դուբայի հավաքի հաջորդ օրը Բալաևը, վերականգնողական կուրս անցնելու նպատակով,լքել էր «Տոբոլի» ճամբարն ու մեկնել Թուրքիա: