ՈՒԵՖԱ-ն արձագանքել է այն ֆուտբոլիստների արարքներին, որոնք մամուլի ասուլիսների ժամանակ շարժել կամ սեղանից վերցրել են Եվրո-2020-ի հովանավորների շշերը։
Ավելի վաղ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ու իտալացի Մանուել Լոկատելին հեռացրել էին իրենց մոտից Coca-Cola-ի շշերը, իսկ ֆրանսիացի Պոլ Պոգբան գարեջրի շիշը վերցրել էր սեղանից։
«ՈՒԵՖԱ-ն մրցաշարի բոլոր մասնակիցներին հիշեցրել է, որ հովանավորչական գործարքները մրցաշարի անցկացման և Եվրոպայում ֆուտբոլի զարգացման՝ այդ թվում կանանց ու մանկապատանեկան, անբաժանելի մասն է»,- ասել են Եվրոյի կազմակերպիչները։
ՈՒԵՖԱ-ի` իրադարձությունների կազմակերպման բաժնի տնօրեն Մարտին Կալենի խոսքով՝ ամենամեծ խնդիրները կապված են եղել Ռոնալդուի գործողությունների հետ, բայց միևնույն ժամանակ կազմակերպիչները հասկանում են, թե ինչու ֆուտբոլիստները կարող էին այդպես վարվել կրոնական նկատառումներից ելնելով։