Նախապատրաստական շրջանում գլխավոր թիմի հետ մարզվում ու ստուգողական խաղերի է մասնակցում նաև «Ուրարտու-2»-ի երիտասարդ կիսապաշտպան Կարեն Գալստյանը։ Ակումբի մամուլի քարտուղարությունը նրա հետ զրուցել է մարզումային շրջանի, անցկացվող խաղերի ու իր նպատակների մասին։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ՀԵՏ
«Գլխավոր թիմում մարզումներս լավ են անցնում, շատ լավ մթնոլորտ է։ Հնարավորություն ունեմ այս շրջանում ցույց տալու իմ ունակությունները, ինչն ինձ համար շատ ոգևորող հանգամանք է։ Այժմ բավական ակտիվ ու արդյունավետ մարզումներ ենք իրականացնում, մարզավիճակ հավաքում՝ նաև խաղեր անցկացնելով։ Պատրաստվում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածին»։
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արդեն մի քանի ստուգողական խաղեր անցկացրել ենք, որոնցում և՛ հաղթել ենք, և՛ պարտվել, սակայն բոլորն էլ գիտեն, որ այս հանդիպումներն այլ բնույթ են կրում՝ հասկանալ թիմի պատրաստվածության աստիճանը, փորձել նոր ֆուտբոլիստներին կամ հներին՝ այլ դիրքերում։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս խաղերին։ Առհասարակ գլխավոր թիմի հետ մարզվելն ու հանդիպումների մասնակցելը միայն դրականորեն կարող են անդրադառնալ մեզ պես ոչ այդքան փորձառու ֆուտբոլիստների վրա։ Ես ինքս ինձ մոտ դրական աճ եմ նկատում»։
ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այս պահին մարզավիճակիցս գոհ եմ, բայց փորձում եմ անընդհատ աշխատել ու էլ ավելի բարելավել խաղամակարդակս։ Անում եմ ամեն ինչ՝ լավագույն կերպով ինձ դրսևորելու համար, փորձում եմ կատարել բոլոր առաջադրանքները, որ տալիս է մարզիչը, հուսով եմ՝ ստացվում է։ Առաջիկա նպատակս նաև առաջնության հանդիպումներում խաղաժամանակ ստանալն է, շատ ուրախ կլինեմ, եթե այնտեղ էլ հնարավորություն ստանամ ինձ դրսևորելու ու թիմին օգնելու համար»։