«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը առաջին անգամ ուղիղ կապ է հաստատել լոնդոնյան ակումբի խաղացողների հետ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 1-ին, «Չելսիի» ֆուտբոլիստները ակումբի մարզաբազայում անհատական նամակներ են ստացել ակումբի սեփականատիրոջից։ Նամակներում Աբրամովիչը նշել է, որ ավելի շատ միջոցներ կներդնի խտրականության ցանկացած տեսակի դեմ պայքարում։ Գործարարը գրել է․ «Ուզում եմ իմանաք, որ որպես «Չելսիի» խաղացողներ, դուք ստանում եք իմ աջակցությունն ու ակումբի բացարձակ աջակցությունը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը սոցցանցերում բախվել է ռասիստական վիրավորանքների։ Ֆուտբոլիստը որոշ ռասիստական հաղորդագրությունների սքրինշոթեր էր հրապարակել։ Մասնավորապես, օգտատերերից մեկը նրան կապիկի հետ էր համեմատել, ինչպես նաև գրել էր․ «Ինչպես կարող ես ապրել կեղտոտ սև մաշկով»։