VBET Հայաստանի Պրեմիեր լիգան գնաց ձմեռային դադարի՝ հետաքրքրությունը թողնելով մրցաշարի երկրորդ կեսի վրա։
Առաջարկում ենք վերհիշել՝ ինչով առանձնացավ առաջնությունն այս հատվածում։
Մրցաշարային աղյուսակ
Այս մրցաշրջանը, ինչպես նախորդը, խոստանում է լինել շատ հետաքրքիր և ամենայն հավանականությամբ մեզ սպասվում է առաջնության թեժ վերջաբան: Ներկա պահին, ինչպես կարող եք դատել մրցաշարային աղյուսակից, թիմերը բավականին խիտ են դասավորված, միավորների տարբերությունը չնչին է և չկան հստակ առաջատարներ: Ներկա դրությամբ 1-7-րդ տեղը զբաղեցնող թիմերը, ըստ ամենայնի, կպայքարեն եվրագավաթային տեղերի համար (լավագույ քառյակ), սակայն պետք չէ անտեսել նաև այդ մրցավազքում «Փյունիկին» և «Շիրակի» ընդգրկվելուն. ձմեռային դադարը բավականին երկար է լինելու և թիմերը ժամանակ կունենան վերլուծելու աշնանային հատվածը և աշխատանք տանելու՝ բարելավելու համար արդյունքները արդեն գարնանային հատվածում:
«Արարատ»-«Շիրակ» տրանզիտ
«Արարատը» նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հիմնովին փոփոխությունների ենթարկվեց։ «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ՝ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ տեղափոխվեցին Երևան։ Եվ փաստորեն թիմը կարողացավ հաջողություններ գրանցել ու այս պահին առաջինն է մրցաշարային աղյուսակում։
Այդ ընթացքում երևանյան ակումբը համալրեց նաև կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը, որը «Արարատ» էր տեղափոխվել սերբական «Մաչվայից»: Իսկ հոկտեմբերի կեսերին ակումբը երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը Ալեքսանդր Կոզլովի հետ։
Ինչ վերաբերում է Գյումրին ներկայացնող ակումբին՝ թիմը, Տիգրանի Դավթյանի գլխավորությամբ, 10 խաղից հետո վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Թիմն ամբողջովին համալրված է հայ ֆուտբոլիստներով, բացառությամբ իվուարցի Ավոյի:
-1
Կարծես թե արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր մրցաշրջանում թիմերից մեկը լքում է մրցաշարը: Այս անգամ այդ «պատվին» արժանացավ «Գանձասար-Կապանը»: «Գանձասար-Կապանը» ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին, արտեղ ասվում է. «մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքների» : Նամակն ամբողջությամբ՝ այստեղ:
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, ըստ որի որոշվեց. «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել VBET
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող
բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից զրկել՝ հաջորդ մրցաշրջանում
միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ: Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:
Կայունություն
Թեև երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ևս առաջատարների թվում է, բայց առաջնության առաջին հատվածը Դավիդ Կամպանյայի թիմի համար հեշտ չէր դասավորվում: Դա պայմանավորված էր նրանով, որ երևանյան թիմը մասնակցում էր եվրագավաթային որակավորման փուլերին: Հետագայում Կամպանյայի թիմը կարողացավ բարելավել խաղն ու միանալ չեմպիոնության համար պայքարին: Կամպանյայի գլխավորությամբ՝ «Արարատ-Արմենիան» ավելի պրագմատիկ ֆուտբոլ է ցուցադրում ու թիմի խաղը տեսանելիորեն փոխվել է Վարդան Մինասյանի ժամանակներից ի վեր: Ի դեպ, Կամպանյան ճանաչվել է առաջնության աշնանային հատվածի լավագույն մարզիչ:
Առաջնության բացահայտումը
Պրեմիեր լիգայի բացահայտումը առաջնության նորեկ «Վանն» էր, որի հաջողությունները կարելի է կապել գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի հետ (նման կարծիք էր հայտնել նաև Աբրահամ Խաշմանյանը՝ ArmSport-ին տված հարցազրույցում): Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում եղանակ են ստեղծում հիմնականում մեր առաջնութան փորձառու ֆուտբոլիստները՝ Միհրան Մանասյանը, Անդրանիկ Ոսկանյանն ու Վահագն Այվազյանը:
Ամբիցիոզը
Ամառվա վերջին օրը «Նոան» հայտարարեց խոշոր ձեռքբերման մասին. «Նոա» հոլդինգը ձեռք էր բերել իտալական C Սերիան ներկայացնող «Սիենա» ակումբը: Սա կարող է թիմերի միջև փոխանակումների հնարավորություններ ընձեռել, ինչը հնարավոր է ուժեղացնի «Նոայի» կազմն ու մեծացնել մրցակցությունը Հայաստանի առաջնությունում: «Նոան» ևս մեկ հաջող նախագիծ առաջ քաշեց՝ 5 տարի ժամկետով վարձակալելով Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան:
Ինչ վերաբերում է թիմի ելույթներին, ապա նախորդ առաջնության ֆոնին, «Նոան» ինչ-որ տեղ իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Կարելի է ենթադրել, որ դա ուղիղ կապ ունի նաև մարզչական փոփոխության հետ. Պիկուշչակը եվրագավաթային ամբիցիաները փոխեց ՖԱԼ-ի հետնապահներից մեկի՝ «Ակրոնի» հետ:
Առանց անակնկալների
«Ալաշկերտը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ շարունակում է մնալ առաջնության հավակնոտ թիմերից մեկը: Հարկ է նշել, որ առաջնության այս հատվածի լավագույն խաղացողը հենց «Ալաշկերտից» է. թիմի ռմբարկու Դավիդ Դավիդյանը:
Տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք «Ալաշկերտը» ձմեռային դադարից հետո առաջ անցնել հիմնական մրցակիցներից:
«Փյունիկի» նահանջն ու «Ուրարտուի» առաջընթացը
Աշնանային հատվածում «Փյունիկի» ցուցադրած խաղը կարելի է ամփոփել մեկ իրադարձությամբ. թիմը վերջին խաղում պարտվեց նախավերջին տեղում գտնվող «Շիրակին» ու այս ամենն ավարտվեց գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հրաժարականով:
Հաշվի առնելով՝ ակումբի ունեցած հնարավորությունները, թիմը ունակ է ճիշտ օգտագործելու ժամանակն ու ռեսուրսներն ու բարձրանալ հետնապահի դիրքերից:
Ի տարբերություն «Փյունիկի»՝ «Ուրարտուն» նախորդ առաջնությունում գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ սկսած աշխատանքի պտուղները սկսեց քաղել այս տարի: Թիմը ընդամենը 3 միավորով է հետ մնում առաջատարներից (1 խաղ էլ պակաս է անցկացրել) ու բոլոր շանսերն ունի ձմեռային դադարից հետո չեմպիոնական մրցավազքին հասնելու համար: Թիմը բավականին ուժեղացրել է կազմը. Երևան է տեղափոխվել նաև «Լոռիի» առաջատարներից Ջոնել Դեսիրեն, որը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել այս մրցաշրջանում ևս:
Տրանսֆորմացիա
Վանաձորյան թիմում բոլոր ակումբների համեմատ ամենաշոշափելի կադրային փոփոխություններն են տեղի ունեցել: Նախ, թիմը գլխավորեց իսրայելցի փորձառու մարզիչ Ալբերտ Սոլոմոնովը: Մեծ թվով նորեկներ համալրեցին թիմը, սակայն այդ ամեը չի ազդել վանաձորյան թիմի արդյունքների վրա: Թիմը կայուն ֆուտբոլ է ցուցադրում՝ մնալով առաջատարների թվում:
Առաջնության ռմբարկուները
Ռմբարկուների մրցավազքը գլխավորում է «Ուրարտուի» նորեկ Ջոնել Դեսիրեն, որն իր ակտիվում ունի 7 գնդակ: Նրան հետապնդում են առաջնության աշնանային հատվածի լավագույն խաղացող Դավիդ Դավիդյանը («Ալաշկերտ») ու Հայաստանի առաջնությունում մշտական բնակություն հաստատած Ուրոշ Նենադովիչը («Արարատ»). նրանք իրենց ակտիվում ունեն 5 գնդակ: 4-ական գնդակով նրանց հետապնդում են «Վանի» ռմբարկու Էզան ու Մաիլսոն Լիման՝ «Արարատ-Արմենիայից»:
Ստելլա Բաբլոյան